Մհեր Մարգարյան (ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ) - Հանցագործն ունի անուն՝ Ադրբեջան, Հայաստանի արևելյան հարևանը, որը մի քանի անգամ ավելի մեծ է տարածքով, բնակչությամբ և ռեսուրսներով, և որի թշնամական վարքագծի, հռետորաբանության և անվերահսկելի, անհամաչափ բռնությունը կարելի է համարել բռնության ամենավտանգավոր օրինակը: Նա բացարձակ անտեսում է միջազգային իրավունքի ցանկացած դրույթ ու նորմ և բացահայտում է տարածաշրջանում պատերազմներ, ավերածություններ և անկայունություն հրահրելու հստակ մտադրությունը:
Մենք հաղորդումներ ենք ստանում, որ փխրուն հրադադարը վտանգի տակ է: Կան հավաստի ապացույցներ, որ Ադրբեջանը նոր հարձակման է նախապատրաստվում, այդ թվում՝ Նախիջևանի կողմից, որպեսզի հասնի իր նպատակին և բացի արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով:
Ադրբեջանի ներկայացուցիչն այստեղ է՝ հիմնավորումներ ներկայացնելու իրենց երկրի գիշատիչ պահվածքի համար։ Չսխալվե՛ք. չկա ոչ մի հիմնավորում, համենայն դեպս՝ միջազգային իրավունքի համաձայն:
Նիկոլա դը Ռիվիեր (ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ) - Ֆրանսիան իր գործընկերների հետ փորձում է խրախուսել հարգել հրադադարը: Նախագահ Մակրոնը խոսել է վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, արտգործնախարարը ևս զրույցներ է ունեցել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ:
Երեք հիմնական ուղերձ է հղվել: Առաջին՝ 2020 թ. նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները պետք է պահպանվեն: Դա անշեղ առաջնահերթություն է: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես բանակցությունների ճանապարհով: Երկրորդ՝ հաշվի առնելով ադրբեջանական ուժերի առաջխաղացումը սահմանի որոշակի հատվածից դուրս՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:
Երրորդ՝ կողմերը պետք է ակտիվացնեն քննարկումները՝ լուծելու մնացած հարցերը: Կողմերին կոչ ենք անում առաջ շարժվել հատկապես սահմանազատման և սահմանագծման հարցերում, ինչպես նաև նոր միջադեպեր թույլ չտալու ուղղությամբ, մասնավորապես՝ ուժերի հետքաշման միջոցով:
Ռիչարդ Միլս (ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ) - Խորապես անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բռնություններով, ներառյալ՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունների մասին տեղեկություններով: ԱՄՆ-ը ներգրավված է եղել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության հետ երկխոսության մեջ, և մենք արտահայտել ենք մեր խոր մտահոգությունը՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Մեզ, մասնավորապես, անհանգստացնում են Հայաստանի տարածքում տուժած քաղաքացիական անձանց մասին տեղեկությունները:
Բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն միջազգային մարդասիրական իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ ներառյալ խաղաղ բնակչությանը պաշտպանելուն վերաբերող դրույթները: ԱՄՆ-ը հաստատակամ է մեկ հարցում՝ հակամարտությանը զինված լուծում չի կարող լինել: Երկու կողմերին հորդորում ենք վերականգնել դիվանագիտական և ռազմական ուղիներով հաղորդակցության խողովակները և վերադառնալ դիվանագիտական գործընթացին: Անհրաժեշտ է հասնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև մնացող բոլոր հարցերի բանակցված և համակողմանի լուծմանը:
Վասիլի Նեբենզյա (ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ) - Ակնհայտ է, որ մենք երկու երկրների հաշտեցման դժվարին ճանապարհի դեռ սկզբում ենք։ Համոզված ենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք կատարումը մնում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հիմքը։ Բոլոր երեք փաստաթղթերը բարդ են, անքակտելիորեն կապված, և դրանց դրույթները բխում են մեկը մյուսից: Դրանց իրականացումը պայմաններ կապահովի Հարավային Կովկասում կայուն խաղաղության ձևավորման համար, որը բխում է ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլև նրա բոլոր հարևանների շահերից։
Ռուսաստանը հաստատակամ է շարունակելու Բաքվին և Երևանին տրամադրել ցանկացած անհրաժեշտ օգնություն՝ պայմանավորվածությունները երկու կողմերի համար ընդունելի ձևերով և ծավալներով կյանքի կոչելու համար։ Կայուն արդյունքների հասնելը կպահանջի ժամանակ և զգալի ջանքեր ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի կողմից, ինչպես նաև միջազգային հանրության միասնություն։ Աշխարհաքաղաքական մրցակցությունը և զրոյական գումարով խաղերը միայն կարող են վնասել գործընթացին։ Բայց այսօր գլխավորը բախումները դադարեցնելն ու հրադադարի պայմանավորվածությունների իրականացումն է։