Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը:
Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական վերջին ագրեսիայի հետևանքով հայկական կողմը ժամը 11.00-ի տվյալով՝ ունի 135 զոհ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կան բազմաթիվ վիրավորներ: Պաշտպանության նախարարը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակը:
Սուրեն Պապիկյան (ՀՀ պաշտպանության նախարար) - Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է ըստ էության, զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը:
ԵՐԿՐՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՆ ԸՆԴԳԾԵԼ Է ՀՀ ՏԱՐԱԾՔԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
Պաշտոնական Երևանի դիրքորոշումը հստակ է ու աներկբա՝ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից: Խոսքը ոչ միայն վերջին իրադարձությունների, այլև 2021-ին մայիսի 12-ին Խոզնավարի հատված ներխուժման մասին է: Երևանն այս մոտեցումն է արձանագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որի ընթացքում փաստաթուղթ չի ընդունվել, բայց, ըստ արտգործնախարարի՝ երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, օգտագործել է «ագրեսիա» եզրույթը:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում է Հայաստանի տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Բազմաթիվ երկրներ խոսել են նաև ԼՂ հակամարտության, հիմնախնդրի մասին: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի կեղծ թեզը, որ այլևս ԼՂ հիմնախնդիր չկա, ԼՂ չկա, երեկ հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից:
Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ սա հարցերի շուրջ միջազգային հանրության դիրքավորումն է, շեշտեց՝ շարունակելու են այդ ուղղությամբ աշխատանքը:
Արարատ Միրզոյան - Հարկ է գնահատանքի խոսք ասել այն երկրների մասին, ովքեր համարձակորեն դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, բայց գաղտնիք չէ, որ դրանք ոչ այնքան արդարացան:
ԿԱՐԵՎՈՐՎԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Վարչապետն իրավապահ համակարգի, պաշտոնը նոր ստանձնած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական զինուժի իրականացրած պատերազմական հանցագործությունների վրա: Նաև շեշտեց՝ Հայաստանի զինուժի գործունեությունը խաթարող ցանկացած փորձ պետք է կանխվի ամենակոշտ մեթոդներով:
Նիկոլ Փաշինյան - Որևէ անձի որևէ կարգավիճակ թույլ չի տալիս օրենքից դուրս գործողություններ անել, որտեղ որևէ մեկը, անկախ էմոցիոնալ վիճակից, օրենքի գիծն անցնում է, պետք է իրավապահ համակարգի հակազդեցությունը շատ արագ և ամենակոշտ ձևով զգա, որովհետև սա պետական անվտանգության հարց է, և այստեղ մենք չենք պատրաստվում որևէ կոմպրոմիսի գնալ:
Նիկոլ Փաշինյանը կարևորեց նաև տեղեկատվական անվտանգության ապահովումը:
Նիկոլ Փաշինյան - Տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձինք կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծեն երկրի ազգային անվտանգության համար: Ժողովրդավարությունը ժողովրդավարություն, խոսքի ազատություն՝ ամեն ինչ հասկացանք, բայց այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել: Ակնկալում ենք, որ իրավապահ համակարգը, Ազգային անվտանգության ծառայությունը շատ կոնկրետ մեթոդներ և միջոցներ ձեռնարկի՝ հայտնաբերելով այդ թվում համագործակցող անձանց, որովհետև դա գործակալական ցանց է Հայաստանի Հանրապետությունում:
ԱԱԾ-ն վերջին շրջանում գործակալական ցանցերի բացահայտման մեծ հաջողություններ ունի: Բայց, ըստ Փաշինյանի, խնդիրների կարգավորման համար այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնել:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍՈՐ ԶՈՒ-Ն ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ՀՀ ՏԱՐԱԾՔԻՑ. ՎԱՐՉԱՊԵՏ
Վարչապետը խոսեց նաև բանակցային գործընթացի մասին նշելով՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքային խումբը, սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովն աշխատում են: Հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվելու են տևական խաղաղության և կայունության հասնելու համար:
Նիկոլ Փաշինյան - Մեզ համար անընդունելի է այդ գործընթացը տարածքային պահանջներ և նկրտումներ առաջադրելու նպատակով օգտագործելու ցանկացած փորձ: Հայաստանը 29.800 քառակուսի կմ տարածք ունի, և այդ տարածքի որևէ միլիմետրը քննարկման առարկա չի կարող լինել: Այս դիրքորոշումը որևէ հանգամանքի ներքո փոփոխության չի ենթարկվելու, մեր քաղաքական դիրքորոշումը այն է, որ Ադրբեջանի ներխուժած, ագրեսոր ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից:
Ռազմական դրություն հաստատելու նպատակահարմարությունը քննարկվել է Անվտանգության խորհրդի նիստում, հանգել են եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք չէ գնալ: Վարչապետը տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիներից ստանում են երկրի պաշտպանությանը մասնակցելու առաջարկներ:
Նիկոլ Փաշինյան - Եթե կան մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել, կարող են կամավորության հիմքով դիմել զինկոմ, այդ խնդիրը կլուծվի: Եռամսյա հավաքները ուժի մեջ են, կան օրենսդրական հիմքերը, որոշումները, կամավորության հիմքով ներգրավվել ծառայության մեջ:
ՀԱՍՑՎԱԾ ԲՈԼՈՐ ՎՆԱՍՆԵՐԸ ԿԳՈՒՅՔԱԳՐՎԵՆ
Արտակարգ իրավիճակների նախարարը ներկայացրեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասված տների, ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալներ: Թշնամին թիրախավորել է նաև հյուրատներ, առողջարաններ, Կեչուտի ջրամբարը, ճոպանուղին, մեքենաներ, էլեկտրագծեր, գազատարներ: Վարչապետը կարևորեց վնասի գույքագրումը:
Նիկոլ Փաշինյան - Պետք է միջոցներ տրամադրի Կառավարությունը լիարժեք վերականգնողական աշխատանքի համար և՛ մասնավորին, և՛ համայնքին, ընկերություններին, որ կրած վնասները վերականգնեն:
Արգիշտի Քյարամյան (ՀՀ ՔԿ նախագահ) - Հարուցված են քրեական գործեր Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիա իրականացնելու, միջազգային իրավունքի խախտումների լայնածավալ քննչական գործողություններ են տեղի ունենում:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՆ ՈՒՂՂՎԱԾ Է ՆԱԵՎ ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Ստեղծված իրավիճակում վարչապետը կարևոր համարեց պետական ինստիտուտների բնականոն գործունեությունը՝ տնտեսական զարգացումը, զինուժին աջակցությունը ապահովելու համար: Փաշինյանը անհիմն չհամարեց տեսակետը, որ ադրբեջանական ագրեսիան ուղղված է նաև Հայաստանի ժողովրդավարության դեմ:
Նիկոլ Փաշինյան - Խաղաղությունն է, կրթությունը, զինուժի բարեփոխումները. այս երեք առաջնահերթությունն է, որ պետք է ապահովեն մեր երկրի անվտանգությունը, իրական զարգացումը, որը երկարաժամկետ պետք է լուծի ՀՀ հարատևության խնդիրը: Իմ կոչն է, որ ապահովենք համախմբվածություն ՀՀ պետական շահերի շուրջ, պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման ուղենիշ:
2021-ի մայիսին ադրբեջանական ներխուժումը ևս Հայաստանը գնահատեց հարձակում ժողովրդավարության, երկրի ներքին գործընթացների վրա. Հայաստանը պատրաստվում էր համապետական արտահերթ ընտրության՝ ապահովելու ներքին կայունությունը: Ադրբեջանական ագրեսիան հարձակում է երկրի տնտեսական առաջընթացի նկատմամբ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ընթացիկ տարում Հայաստանն ունի տնտեսական աճի բավական բարձր ցուցանիշ, տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսով 165 երկրի շարքում 11-րդն է, և, Փաշինյանի խոսքով, նման հարձակումները Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունների նկատմամբ են:
Նիկոլ Փաշինյան - Կան ուժեր, որ չեն ուզում Հայաստանը դառնա մրցունակ պետություն: Սա է ամենակարևորը, հարձակում ինքնիշխանության, պետականության, տարածքային ամբողջականության դեմ:
Վարչապետն արձանագրեց, որ որևէ ագրեսիա չի կարող շեղել Սահմանադրության մեջ ոչ փոփոխելի հոդվածներով ամրագրված արժեքներից և նպատակներից:
ՀՀ-ի դիրքորոշումը հստակ է ու աներկբա՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ տարածքից՝ վարչապետ: