Կառավարության որոշմամբ «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակրում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: 2008 թ. հիմնադրված ընկերությունը ներմուծվող սարքավորումները և հումքը օգտագործելու է ալկոհոլային խմիչքների արտադրության և արտադրամասերի կապիտալ վերանորոգման համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.5 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 80 նոր աշխատատեղ` 350-420 հազար դրամ միջին աշխատավարձով։ Ընկերության կողմից թողարկված արտադրանքի 80 տոկոսը և ավելին նախատեսվում է արտահանել։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6.8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 683 մլն դրամ։
Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «Մասրիկ-1» 55 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ժամկետի փոփոխության համար: Ըստ այդմ՝ առաջարկվում է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ժամկետ սահմանել 2023 թ․ սեպտեմբերի 1-ը: Բացի այդ, որոշմամբ հնարավորություն կստեղծվի նաև կառուցելու շուրջ 150 կՎտ հզորությամբ լողացող արևային կայան: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը՝ Ֆրանսիայի կառավարության աջակցությամբ, ֆրանսիական «Տրանսէներգիա» (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում առաջին արևային լողացող կայանի կառուցման առաջնեկային ծրագիր: Քանի որ արևային լողացող կայանների համար հզորության առանձին չափաքանակ նախատեսված չէ, առաջարկվում է որոշման մեջ ներառել 150 կՎտ հզորության չափաքանակը: