Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Վարչապետը հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հեռախոսազրույցում երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն ուղղված դիմումի վերաբերյալ ընդունված որոշումների իրականացմանն առնչվող հարցեր:
Սահմանային իրավիճակը վարչապետ Փաշինյանը ներկայացրել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված Հայաստանի դիմումի շուրջ քննարկումներին:
Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բլինքենը ցավակցություններն է փոխանցել ռազմական գործողությունների հետևանքով զոհերի կապակցությամբ և վերահաստատել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղությանն ու երկխոսությանը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան