Հռոմի Ֆրանցիսկոս Պապը բարոյապես ընդունելի է համարել Ուկրաինային զենք մատակարարելը՝ սեփական երկիրը պաշտպանելու դեպքում։ Նրա խոսքը հայտնում է Reuters-ը։
Հովվապետը հայտարարել է, որ զենք ուղարկելու բարոյականությունը սահմանվում է նման որոշում ընդունելու պատճառներով։ Անբարոյական մտադրությունները ներառում են, մասնավորապես, հակամարտությունների աճ հրահրելու կամ ավելորդ զենքից ազատվելու ցանկությունը։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պետություններին խորհուրդ է տվել ավելի շատ մտածել հաճախակի դարձած հակամարտությունների պատճառների մասին։ «Բոլորը խոսում են խաղաղության մասին, ՄԱԿ-ը 70 տարի խոսում է խաղաղության մասին, բայց այս պահին քանի՞ պատերազմ է ընթանում»,- հավելել է Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդը։ Որպես օրինակ՝ քահանայապետը հիշեցրել է Ուկրաինայի իրադարձությունները, ինչպես նաև Սիրիայի և Մյանմայի իրավիճակը, Էրիթրեայի և Եթովպիայի միջև հակամարտությունը։ Նրա կարծիքով՝ զենքի արտադրությունը ենթադրում է համաձայնություն սպանություններին, իսկ մեկ տարվա ընթացքում զենք ստեղծելուց հրաժարվելը կարող է լուծել սովի խնդիրը։
Ավելի վաղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դժգոհություն էր հայտնել Արևմուտքի վիճակից, քննադատել էր նրա ընտրած ուղին՝ նշելով, որ Արևմուտքն այսօր չի կարող լավ օրինակ ծառայել։