ՍԻԴՈՐՈՎՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԱԴԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Հայաստանում կազմակերպության առաքելության շրջանակում այցելել է մեր երկրում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչություն։
«Հայաստան-Ադրբեջան սահմանին զարգացումների մասին օպերատիվ տեղեկատվություն ստացանք ռուս սահմանապահներից, որոնք, այդ թվում, ծառայություն են իրականացնում սահմանին և մասնակցում ՀՀ պետական սահմանի առանձին հատվածների պաշտպանությանը»,- նշել է նա սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկու հետ հանդիպումից հետո։
ԱՄՆ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է նախագահ Բայդենի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Ուկրաինային:
«Մեր գործընկերների հետ Կիևին մատակարարում ենք սպառազինություն ու սարքավորումներ, որոնց օգնությամբ նրանք շարունակում են հակահարձակումը ռուսական ուժերի դեմ: Այսպիսով, 2021 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ը աջակցության 21-րդ փաթեթն է տրամադրում Կիևին: Օգնության ընդհանուր ծավալը հասնում է մոտավորապես 15,8 միլիարդ դոլարի: Այս նոր՝ 600 միլիոն դոլարի հատկացումը ներառում է լրացուցիչ սպառազինություն, զինամթերք և սարքավորումներ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից»,- մանրամասնել է Բլինքենը:
ԵՐԲԵՔ ՏԵՂԻ ՉԵՆՔ ՏԱ ԱՄՆ ԿՈՂՄԻՑ ՄԵԶ ԱՀԱԲԵԿԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻՆ. ՌԱԻՍԻ
Երբեք տեղի չենք տա Վաշինգտոնի կողմից մեզ ահաբեկելու փորձերին՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։
«ԱՄՆ-ը և Արևմտյան Եվրոպան լիովին չեն կատարում հակաիրանական պատժամիջոցները չեղարկելու հարցում իրենց պարտավորությունները: Չնայած Իրանի դեմ թշնամանքին՝ մենք կշարունակենք զարգանալ»,- ընդգծել է նա:
Ռայիսին համոզմունք է հայտնել, որ Իրանի անդամակցությունը ՇՀԿ-ին կնպաստի այս կազմակերպության զարգացմանը:
ՂՐՂԶՍՏԱՆՆ ՈՒ ՏԱՋԻԿՍՏԱՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲԱԽՈՒՄԸ
Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել, պայմանավորվել դադարեցնել սահմանային զինված բախումները: Չնայած ձեռք բերված համաձայնությանը՝ կողմերը հայտնում են հրադադարի ռեժիմի խախտման մասին:
Սահմանային իրավիճակը Սամարղանդում քննարկել են նաև երկու երկրի ղեկավարները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողովի աշխատանքների արագացման մասին։
Ղրղզական կողմի տվյալով՝ այսօր առավոտյան Տաջիկստանը մի շարք ուղղություններով հրետակոծել է Ղրղզստանի սահմանապահ ջոկատները։ Նշվում է, որ տուժել է Ղրղզստանի 40-ից ավելի զինծառայող, ինչպես նաև խաղաղ բնակիչներ: Դուշանբեի տվյալով՝ ղրղզական կողմի գործողությունների հետևանքով տուժել է մոտ 10 բնակավայր։ Տաջիկական կողմը նույնպես հայտնել է մահացածների և վիրավորների մասին, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:
ԱԷՄԳ-Ն ՌԴ-ԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶՈՐՔԸ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԶԱԷԿ-ԻՑ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ռուսաստանին դուրս բերել զինված ուժերը Զապորոժիեի ատոմակայանի տարածքից` հայտնում է Reuters գործակալությունը։ Փաստաթղթում նշվում է նաև ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը։
Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 26 երկիր, 7-ը ձեռնպահ են մնացել, դեմ են քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը։
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ բանաձևի հեղինակները չեն հիշատակել Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծման փաստը: Նա նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կոչերն անիմաստ են, քանի որ Ռուսաստանը ԱԷԿ-ում ռազմական օբյեկտներ չի տեղակայել:
ԲՐԻՏԱՆԱՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԱԼԻՍ ԵՂԻՍԱԲԵԹ ԵՐԿՐՈՐԴԻՆ
Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն հրաժեշտ տալ ցանկացողների հերթը հատել է 7 կմ-ը՝ նախօրեին հայտնել են Մեծ Բրիտանիայի կառավարությունից։ Ավելի վաղ թագուհու մարմինը Շոտլանդիայից տեղափոխվել էր Լոնդոն, այժմ այն Բրիտանական խորհրդարանի շենքի Վեսթմինսթերյան դահլիճում է:
Հոգեհանգստի արարողությանը մասնակցել են թագուհու երեխաները՝ Չառլզ Երրորդ թագավորը, արքայադուստր Աննան, արքայազներ Էդվարդը և Էնդրյուն: Ներկա են եղել նաև արքայազն Ուիլյամը, Քեյթ Միդլթոնը, Հարին կնոջ՝ Մեգան Մարքլի հետ:
Եղիսաբեթ Երկրորդի հուղարկավորությունը նախատեսված է սեպտեմբերի 19-ին: