Սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի Ազգային ժողովի պատվիրակության հետ:
Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։
Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։
Հանրապետության նախագահը և Արցախի խորհրդարանականները կարևորել են պետություն-Եկեղեցի գործակցությունը, մասնավորապես այս օրերին Հայ Առաքելական Եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին: