Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Վայոց ձորի մարզ:
Գերատեսչության ղեկավարն այցելել է ՓԾ ՄՓՎ Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատ, որի շենքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով վնասվել էր: Մասնավորապես, կոտրվել էին շինության պատուհանների ապակիները և տուժել հարևանությամբ կայանված ավտոմեքենաները: Նախարար Փամբուխչյանը տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:
Գերատեսչության ղեկավարն այցելել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության և մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից ձևավորված՝ մարտական հերթապահություն իրականացնող, խմբերի տեղակայման վայրեր: Նա զրուցել է անձնակազմի հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով, մաղթել անփորձանք ծառայություն:
Նույն օրը Ջերմուկ քաղաքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպում է անցկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ: