Հայաստան-Ադրբեջան շփման գծում իրավիճակը հանգիստ է, բայց չպետք է զգոնությունը կորցնել՝ ասաց իշխանության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից նոր սադրանքի հնարավորությանը՝ հատկապես Նախիջևանի կողմից: Պատգամավորը վստահ է՝ Հայաստանի զինված ուժերն ունեն տարածվող տեղեկությունները ստուգելու հնարավորություն:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Անհրաժեշտության դեպքում գտնենք այն ռեսուրսներն ու կառավարման հնարավորությունները, որը հնարավորություն կտա կանխել նման զարգացումները:
Խոսելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված տարածքների և դրանց ռազմավարական նշանակության մասին՝ Քոչարյանը նշեց, որ ցանկացած տարածք, որտեղ հայկական կողմը ներկայացված է եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն:
Անդրանիկ Քոչարյան - Եվ այս գործողություններով, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել: Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ, խոսքը 6 դիրքի մասին է:
Թե ինչո՛ւ պաշտպանության նախարարությունը չի հրապարակում զոհված զինծառայողների անունները, այլ միայն թիվ է ասում, Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց. «Կան դիակներ, որոնք գտնվում են այնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք»:
ՄԱԿ-Ի ԱԽ-ՈՒՄ ՀՆՉԵԼ ԵՆ ՀԱՍՑԵԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ անդրադարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Նախ նկատեց, որ առաջին անգամ է Հայաստանի կողմից բարձրացված նման հարցը քննարկվում ՄԱԿ-ի ԱԽ նիստում, կարևորեց, որ հնչել են հասցեական գնահատականներ: Հուսով է, որ նաև միջազգային հանրության ճնշման ներքո ագրեսորը կդադարեցնի իր գործողությունները:
Արթուր Հովհաննիսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար) - Նշված հայտարարությունները, բնականաբար, հիմք են լինելու հետագա դիվանագիտական աշխատանքների և միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա ուժեղացնելու համար:
Միջազգային հարթակներում ադրբեջանական ագրեսիան դատապարտող արձագանքներն ուղղակիորեն կապված են Հայաստանի զինված ուժերի հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ՝ հավելեց Անդրանիկ Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյան - Եթե մենք չկռվեինք այնպես, ինչպես կռվել ենք, այսպիսի արձագանքներ պարզապես չէին լինի, ու մենք կունենայինք լրիվ այլ պատկեր Հայաստանի ամբողջ արևելյան սահմանի ուղղությամբ:
ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ՄՇՏԱՊԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ
Խորհրդարանական երկրորդ ուժի ներկայացուցիչներն էլ վստահ են, որ Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի Ադրբեջանի սադրանքներին: Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո փորձում է Հայաստանի շուրջն օղակը սեղմել, ավելացնել ճնշումները մեր երկրի և իշխանությունների նկատմամբ ու հասնել իր հեռահար նպատակներին՝ ճանապարհների բացմանը և, ինչպես իրենք են ասում, «Սյունիքի միջանցքի» բացմանը՝ կարծում է Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Մյուս պատճառն այն է, որ Ադրբեջանի սադրանքները, Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունները, խոշտանգումները մարդկանց նկատմամբ, պատմամշակութային արժեքների նկատմամբ վայրագությունները, վարձկանների, թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից իրականացված բոլոր հանցագործությունները բավարար չափով չեն դատապարտվել:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ էլ՝ Ադրբեջանը նոր սադրանքի է պատրաստվում: Խմբակցության քարտուղարը նման եզրակացություն է արել նաև ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում Հայաստանի ներկայացուցչի խոսքից: Ըստ նրա՝ փաստացի հայտարարվեց, որ Նախիջանի ուղղությունից սպառնալիք կա:
Տիգրան Աբրահամյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) - Նախիջևանում տեղակայված էր Ադրբեջանի բանակային կորպուսներից մեկը, որը մոտ 10 տարի առաջ վերածվել է առանձին համազորային բանակի, այսինքն՝ պոտենցիալը, հնարավորությունները, ռեսուսները կտրուկ վերանայվեցին: Համազորային բանակը նաև աչքի է ընկնում նրանով, որ ուսումնական հիմնական պրոցեսները, պլանները, ծրագրերը բավականին ներդաշնակացված են Թուրքիայի ԶՈՒ-ի հետ և մեծ սպառնալիք են ՀՀ-ի համար:
Խմբակցության ղեկավարն էլ ՀԱՊԿ վարքագծից խոսեց: Նա նկատեց, որ Հայաստանը եղել է բարեկամ, գործընկեր ու դաշնակից և ռազմավարական պատշաճ դաշնակցից:
Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար) - Բարեկամ այլ երկրներից ակնկալիքն այն է, որ Հայաստանին հիմա նույնատիպ աջակցություն տրվի:
Ճեպազրույցների ժամանակ անդրադարձ եղավ նաև քաղաքական հարցերին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ի միջոցով պաշտոնանկ անելու համար ընդդիմադիր պատգամավորների 35 ստորագրություն կա, ինչը նշանակում է, որ խորհրդարանական ընդդիմությունը նման հարց օրակարգ մտցնելու հնարավորություն չունի, քանի որ նման գործընթաց սկսելու համար անհրաժեշտ է պատգամավորների մեկ երրորդի ստորագրությունը, այսինքն՝ 36 ձայն: