Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումները և այս պահին հավաքագրված փաստերի ուսումնասիրությունը վկայում են, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ին Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում ադրբեջանական զինված ուժերի չտարբերակված թիրախավորմամբ զուգորդված ռազմական գործողությունների և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառվող հարձակման հետևանքով խախտվել են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային իրավական ակտերով երաշխավորված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ կյանքի, անվտանգության և առողջության:
Այսպես, Պաշտպանի աշխատակազմի հավաքագրած տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 15-ի դրությամբ Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի՝ ադրբեջանական զինված ուժերի պատերազմական գործողություններից տուժած բնակավայրերից տեղահանվել է առնվազն 99 հաշմանդամություն ունեցող անձ:
Ադրբեջանական ԶՈւ չտարբերակված թիրախավորման և տարբեր զինատեսակների կիրառման ինտենսիվությամբ պայմանավորված՝ որոշ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, առողջական խնդիրներ ունեցող տարեցները, ինչպես նաև նրանց խնամող անձինք գործնականում զրկվել են տեղահանման հնարավորությունից, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է:
Ադրբեջանական զինված ուժերի կողմից Վարդենիս քաղաքի թիրախավորումն ուղղակիորեն վտանգել է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում բնակվող հոգեսոցիալական և մտավոր հաշմանդամություն ունեցող շուրջ 450 անձանց կյանքի, անվտանգության և առողջության իրավունքները, ինչպես նաև լրացուցիչ խոչընդոտներ ստեղծել վերջիններիս բժշկական, սոցիալական և այլ ծառայությունների մատուցման համար:
Այս կապակցությամբ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ հարգանքի և նրանց պաշտպանության, այդ թվում՝ տարհանման համար հատուկ միջոցների կիրառման պահանջները սահմանված են Ժնևի երրորդ և չորրորդ կոնվենցիաներով, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայով և միջազգային այլ իրավական ակտերով: Մինչդեռ պետք է հաշվի առնել, որ կենսական պայմանների և ծառայությունների հասանելիության խնդիրները, այդ թվում՝ ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների, սննդի, ապաստարանի, առողջապահական ծառայությունների անարգել ապահովման և տրամադրման խոչընդոտները հումանիտար աղետի պատճառ կարող են դառնալ:
Այս համատեքստում հաշմանդամություն ունեցող անձինք, իրենց հատուկ կարիքներով և առողջական խնդիրներով պայմանավորված, կրկնակի խոցելի են: Ուստի, զինված հակամարտությունը, պատերազմը, պատերազմական գործողությունները, ռազմական իրավիճակը կամ ռազմական դրությունը լրացուցիչ մարտահրավերներ են ստեղծում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ առաջացնելով առանձնահատուկ պայմանների ապահովման անհրաժեշտություն:
Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնող անկախ մարմին, իր իրավասությունների շրջանակներում հավաքագրված տեղեկությունները և Պաշտպանի դիտարկումները ներկայացնում է նաև միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեին և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կառույցներին: