Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Ռուսաստանին զինված ուժերը դուրս բերել Զապորոժիեի ատոմակայանի տարածքից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Գործակալության տվյալներով՝ բանաձևի ընդունման քվեարկության ժամանակ Խորհրդում ներկայացված 35 երկրից 7-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից, երկու պետություն՝ Ռուսաստանն ու Չինաստանը, դեմ են արտահայտվել։ Նշվում է, որ փաստաթուղթը Մոսկվային կոչ է անում դադարեցնել ցանկացած գործունեություն ԶԱԷԿ-ի տարածքում կամ «Ուկրաինայի այլ միջուկային օբյեկտում»։
Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն բանաձևի հեղինակները չեն հիշատակել Զապորոժիեի ատոմակայանի հրթիռակոծման մասին։ Մինչդեռ, ըստ ռուսական կողմի՝ հենց կայանի գնդակոծումն է դարձել «գլխավոր խնդիրը աշխարհում միջուկային անվտանգության ապահովման հարցում»։ Ուլյանովը նաև նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսիի կոչերն անիմաստ են, քանի որ Ռուսաստանն այնտեղ ռազմական օբյեկտներ չի տեղակայել: