Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի պահպանումը և կոչ անում չշարունակել ռազմական գործողությունները՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:
Նեդ Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է կոչ անել կողմերին ներգրավվել խաղաղության գործընթացին։ Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը տարածաշրջանային այցից հետո այժմ գտնվում է Վիեննայում՝ հանդիպելու ԵԱՀԿ համախոհ գործընկերների հետ։
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Նաև կոչ ենք անում դադարեցնել ռազմական ուժերի ներգրավումն ու լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր չկարգավորված հարցերը խաղաղ բանակցությունների միջոցով։ Ուժի կիրառումը երբեք չի կարող ընդունելի ճանապարհ լինել, և մենք ուրախ ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում բարձր մակարդակի շարունակական շփումները օգնեցին կողմերին հասնել հրադադարի։ Շարունակում ենք ներգրավված լինել և քաջալերել տևական խաղաղության համար անհրաժեշտ աշխատանքները։ Կրկնեմ՝ ռազմական կարգավորում լինել չի կարող։