Ուրբաթ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Պուտին-Ալիև հանդիպումը, որի ժամանակ Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացումը, բայց և իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության լարվածության առնչությամբ, հաղորդում է ՏԱՍ-ը:
«Ես այդ հարցով հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, և լավ է, որ համակարգված ուժերով հաջողվեց էսկալացիան դադարեցնել, բայց, ցավոք, լարվածությունը դեռ պահպանվում է»,- ասել է ՌԴ նախագահը:
Ալիևն էլ շնորհակալություն է հայտնել Պուտինին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանն օպերատիվ արձագանքելու համար։ «Ընդհանուր առմամբ, շուրջ երկու օր է, ինչ պահպանվում է հրադադարը Ադրբեջանի և Հայաստանի սահմանին: Սա խոսում է այն մասին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը լայնածավալ սրման մտադրություններ չեն ունեցել»,- ասել է Ալիևը։