ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով կան զոհեր, որոնք դեռ չեն տեղափոխվել ՀՀ տնօրինման տարածք:
«Կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն մեր տնօրինման տարածք: Դա բարդ խնդիր է այս պահի դրությամբ: Հրադադարի հնարավորություն այսօր ունենք, բայց այդ հրադադարի պայմաններում էլ նման գործողությունները որոշակի ընթացակարգ են պարունակում»,- ասաց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի օկուպացրած տարածքների մասին հարցին, Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն:
«Եվ այս գործողություններով, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերն ավելի բարելավել: Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում նորից հետ են անցել մեր տնօրինման տակ: Խոսքը 6 դիրքի մասին է: Ամբողջական թվերը չհրապարակեմ, շատ հնարավոր է, որ դա նորից փոփոխությունների ենթարկվի»,- ասաց պատգամավորը: