Չնայած ռազմական էսկալացիային՝ Վայոց ձորում Եղեգնաձորի բժշկական կենտրոն կառուցելու ծրագիրը չի ընդհատվել:
Աշոտ Ասատրյան (տեղամասի պետ) - Ավարտական փուլում են բետոնային աշխատանքները, զուգահեռ գնում են գաջի, միջնորմների, տանիքի իրականացում: Ավարտը՝ հաջորդ տարի՝ մինչև հոկտեմբեր:
ՀԲ-ի վարկային ծրագրով և Կառավարության համաֆինանսավորմամբ շինաշխատանքները մեկնարկել են նախորդ տարվա օգոստոսին: Հին շենքը այնքան է մաշված, որ որոշվել է կառուցել նոր՝ մարզի համար ընդհանուր բժշկական կենտրոն, որը մոդուլային կառուցվածք կունենա ու ժամանակակից բժշկության համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Աշոտ Ասատրյան - 1 մլրդ 960 միլիոնի շինմոնտաժային աշխատանքներ պետք ա կատարվի: Էս պահի դրությամբ կատարվել ա մոտ 650 միլիոնի: Կոմպակտ, շատ սիրուն շենք ա, և մարդկանց համար հետաքրքիրն էն ա, որ շենքի վրա պետք ա ուղղաթիռ նստի:
Սանավիացիան մարզային ԲԿ-ի միակ առավելությունը չէ: Ընդհանուր 4200 քմ շինմակերեսով հաստատությունը 5 մասնաշենքից է բաղկացած:
Աշոտ Ասատրյան - Հիվանդանոցին կից կառուցվում ա կաթսայատուն, ենթակայան, թթվածնի պահեստ, շտապօգնության մոտեցնող ուղիները:
2021-26 թթ. Կառավարության ծրագրում ամրագրված է 50 ԲԿ-ի ենթակառուցվածքների բարելավումը՝ 45 մլրդ դրամով: Շինարարական աշխատանքները մեծ մասամբ ոչ թե նորոգումներ են, այլ կապիտալ շինարարություն, այսինքն՝ վերակառուցում և կառուցում:
Համլետ Կարապետյան (տեխհսկիչ) - Բետոնն ա որակով, և խտացումը՝ վիբրացիան, նորմալ է կատարված, ծածկը նույնպես շատ հարթ, նորմալ ծածկ ա:
Շինաշխատանքների տեխնիկական հսկողությունն իրականացնող Համլետ Կարապետյանը աշխատանքների որակից ու տեմպից դժգոհ չէ:
Համլետ Կարապետյան - Ընդհանուր առմամբ, որակը նորմալ ա, բավարար ա, բայց ընթացքում առաջանում են թերություններ թե՛ ամրանավորման, թե՛ բետոնային աշխատանքների ժամանակ, բայց տեղում օպերատիվ ձևով կարգավորում ենք:
Շինհրապարակում վերջին շրջանում միջինը 35 աշխատող կա, էլի տեղ կա՝ նշում է տեղամասի պետն ու հավելում՝ ԲԿ-ի կառուցումն իրականացնող շինարարները հիմնականում Գեղարքունիքից ու Արտաշատից են: Եղեգնաձորցիները քիչ են, քանի որ արդեն ներգրավված են մարզում ընթացող այլ շինաշխատանքներում: