ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում ելույթ է ունեցել Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը:
«Երեկվա ոչ պաշտոնական քննարկումները լավ մեկնարկ էին, որպեսզի մենք լրջորեն մտածենք, թե ինչու է իրավիճակը Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, շարունակում լարված մնալ։ 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական գործողությունները դեռ թարմ են մեր մտքերում։
Հայ-ադրբեջանական սահմանին հարձակման, այդ թվում՝ քաղաքացիական բնակավայրերի ենթակառուցվածքների թիրախավորման մասին վերջին հաղորդումները խոր մտահոգություն են առաջացնում։ Մենք ագրեսոր կողմին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և զսպվածություն ցուցաբերել։ Այս գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։
Այս խորհուրդը պարզապես չի կարող լուռ կանգնել և թույլ տալ, որ իրավիճակը էլ ավելի վատթարանա։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարը, որը հաստատվել է Ռուսաստանի միջնորդությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵՄ-ի միջնորդությամբ իրականացվող խաղաղ գործընթացը օգտակար մեխանիզմներ են ապահովում բոլոր չկարգավորված խնդիրները լուծելու համար։ Մեր հետևողական դիրքորոշումն է, որ նման վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով։ Որևէ հակամարտություն չի կարող ունենալ ռազմական կամ բռնի լուծում: Մենք խրախուսում ենք կողմերին հետևել դիվանագիտական ճանապարհին՝ հասնելու կայուն և խաղաղ լուծման։
Վերջում ցանկանում եմ կարևորել այն գլոբալ կարգը, որը մենք կառուցել ենք միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա»,- ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հնդկաստանի մշտական ներկայացուցիչը: