ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են երեկ ուշ երեկոյան Ազգային ժողովի շենքի առաջ տեղի ունեցած բողոքի ակցիային: Կառավարող մեծամասնության գնահատմամբ՝ ցույցը կազմակերպված էր ու նպատակ ուներ երկրորդ ճակատ բացելու երկրի ներսում, հարվածելու բանակի մարտունակությանը:
Բաղրամյան պողոտան փակվել էր հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքից հետո, որում վարչապետը ծանր որոշումներ կայացնելու պատրաստակամության մասին էր խոսել:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները կրկին վստահեցրել են՝ չկա որևէ փաստաթուղթ, որը պատրաստվում է ստորագրման:
Արտահերթ ելույթի իրավունք է ստացել դահլիճ եկած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա ելույթի ընթացքում դահլիճում մթնոլորտը լարվել է:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Նմանատիպ գործելաոճը, երբ տղերքը սահմանին կռվում են, իրոք կատաղի կռվում են, ցանկացած մարդ, ով ապրում է այնտեղ՝ սահմանամերձ բնակավայրերում, կփաստի, թե ինչ կատաղի կռիվ են տվել մեր տղերքը: Կռվում են, այստեղ հանկարծ հրապարակվում է՝ իբր ստորագրություն, իբր զիջողականություն և այլն, դուրս են գալիս կատաղի միտինգի՝ կանխելու...
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Հասկացե՛ք, կա՛նգ առեք. երեկ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է մի արտահայտություն, որ ինչ-որ թուղթ եթե ստորագրի, մարդիկ կարող են քննադատել և ասել «դավաճան»: Լսե՛ք, մի պահ անդրադարձե՛ք, որ այդ պիտակը հետո ամեն մեկիդ կպնելու է:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Հիմա տեսեք, Գեղամ Մանուկյանը եկավ և խոսեց, որ հազարավոր մարդիկ եկել են, պահանջում են...
Պարոն Մանուկյան, Ձեզ մի բան ասեմ. այնուամենայնիվ, Հայաստանը պատերազմական վիճակից դուրս չի եկել, պատերազմն արդեն եկել է Հայաստանի սահմաններ. տեսե՛ք՝ Արցախի մասին հիմա խոսք չի գնում: Մեր երկրում համերաշխություն է պետք: Դաշնակցությունը հայտնի է համերաշխությունը մերժելու իր ավանդույթներով: Հիմա այդ ավանդույթը եկեք մերժենք: Համերաշխության միջավայրում մենք կարող ենք բանակի կողքին լինել: Դուք անընդհատ խոսում եք պաշտպանական խնդիրներից, բայց Երևանի կենտրոնում: