Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին՝ դատապարտել Ադրբեջանի ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
«Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հայաստանի դեմ՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի արևելյան հատվածում՝ Վարդենիս, Սոթք, Արտանիշ, Ջերմուկ, Գորիս և Կապան բնակավայրերում թիրախավորելով ոչ միայն ռազմական ենթակառացվածքները, այլև խաղաղ բնակչությանը։
Ադրբեջանը խախտել է Հայաստանի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկրի ինքնիշխանությունն ու ամբողջականությունը՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին և խախտելով Ժնևի կոնվենցիան։
Հայաստանը Կովկասի կենսաբազմազանության թեժ կետերից է. կենդանական աշխարհի ավելի քան 500 տեսակ և բուսական աշխարհի 144 տեսակ համարվում են էնդեմիկ: Հայաստանի միջազգայնորեն կարևոր հարուստ կենսաբազմազանությունը ներառում է 377 թռչունների տեսակներ, համաշխարհայնորեն վտանգված 14 թռչուն, 18 կարևորագույն թռչնաբանական տարածքներ (IBA), «Էմերալդ» համաշխարհային էկոլոգիական ցանցում ներառված 9 բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ, թիթեռների ապրելավայրի կարևորագույն 12 տարածք (PMA) և 32 կարևոր բուսաբանական տարածք (IPA), որոնք ընդհանուր առմամբ ընդգրկում են Հայաստանի շուրջ 15%-ը:
Ադրբեջանի ռազմական ագրեսիան ուղղակի ազդեցությամբ ծայրահեղորեն վտանգում է Սևանա լճի, Ջերմուկի, Նորավանքի, Գորայքի, Մեղրիի և Զանգեզուրի ԿՏԹ-ները։ Սևանա լճի ԿԹՏ-ում է տեղակայված Հայկական որորի՝ աշխարհում մեծությամբ երկրորդ գաղութը․ Հայաստանում է գտնվում հայկական որորի եվրոպական պոպուլյացիայի շուրջ 40%-ը:
Հայաստանի արևելք-հարավ սահմանագծի երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, դրանց արդյունքում բռնկված անտառային հրդեհները սպառնում են համաշխարհային և ազգային կարմիրգրքային տեսակների, ինչպիսիք են կովկասյան հովազը (Panthera pardus tulliana), հայկական մուֆլոնը (Ovis gmelini gmelini), բեզոարյան այծը (Capra aegagrus aegagrus), գորշ արջը (Ursus arctos): syriacus), կովկասյան լուսանն (Lynx lynx dinniki) ու եվրասիական ջրասամույրը (Lutra lutra):
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ է անում համաշխարհային բնապահպանական համայնքի իր բոլոր գործընկերներին՝ դատապարտել ադրբեջանական ագրեսիան հայկական հողի վրա»,- ասված է հիմնադրամի հայտարարության մեջ: