Երեկ երեկոյան հաստատված հրադադարից հետո Սյունքիում կրակոցներ չեն լսվել՝ «Լուրերի» հետ հեռախոսազրույցում իրադրությունը ներկայացրեց փոխմարզպետ Նարե Ղազարյանը:
Նարե Ղազարյան (Սյունիքի փոխմարզպետ) - Առավոտյան հանդարտ էր, մինչև այս պահը հանդարտ է, մարզպետը ներկա պահին գտնվում է հենց առաջնագծում, Ներքին Հանդի տարածքում, 6 գյուղերի տարածաշրջանում, անձամբ է համակարգում:
Փոխմարզպետի հավաստմամբ՝ Սյունիքում որևէ բնակավայր հակառակորդի վերահսկողության տակ չի անցել: Նմանատիպ լուրերն ապատեղեկատվություն որակեց: Ասաց՝ բայց ունենք դիրքային կորուստ:
Նարե Ղազարյան - Ունենք որոշակի փոփոխություններ հարավային սահմանին՝ Ներքին Հանդ գյուղի սահմանագծով, բայց այն տեղեկատվությունը, որ ներխուժել են գյուղ, բնակավայր, չի համապատասխանում իրականությանը. գյուղը մեր հսկողության տակ է, այդպես էլ կլինի:
Ներքին Հանդի կանայք և երեխաները տարհանվել են:
Նարե Ղազարյան - Կապանի տարածաշրջանի Հանդ, Ծավ, Շիկահող, Շիշկերտ... Այս տարածաշրջանի գյուղերից ոչ մեկը չի տարհանվել, բացի Հանդից: Գյուղացիներին ևս տրամադրվել են զենքեր, որպեսզի հնարավորինս օգտակար լինեն բանակին:
Այս օրերին թշնամին հրետակոծել է Կապանի և Գորիսի տարբեր բնակավայրեր՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանն ու ենթակառուցվածքները:
Նարե Ղազարյան - Վնասվածքներ ունենք Գորիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերում, Սիսիանի տարածաշրջանի որոշ բնակավայրերում, ինչպես նաև ունենք քաղաքացիական զոհ, ունենք քաղաքացիական 2 վիրավոր, որոնք այս պահին գտնվում են բժիշկների վերահսկողության տակ:
Քաղաքացիական զոհը Նորավանի 29-ամյա բնակիչ էր, 4 երեխաների հայր: Գեղարքունիքում, բարեբախտաբար, զոհեր չունենք:
Ահարոն Խաչատրյան (Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար) - Վիրավորներ կային հենց սկզբից, էլ ուրիշ չունեինք, բայց էս պահին ճշտվում է:
Վնասվել են հակառակորդի թիրախավորած Կութ, Սոթք, Նորաբակ, Ազատ բնակավայրերը:
Ահարոն Խաչատրյան - Գյուղեր կան՝ շատ են տուժել, գյուղ կա՝ մասնակի: Տարբեր գյուղերում տարբեր բնույթ է կրում:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ իրավիճակը բնակավայրում այժմ հանգիստ է:
Ահարոն Խաչատրյան - Շատ հանգիստ է, շատ նորմալ է, խախանդ է Վարդենիսը իր 34 բնակավայրով: Երեկոյան 20:00-ից հետո մինչև էս պահը ոչ մի կրակոց չկա, բոլոր տեղերում հանգիստ է: