ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում կոչ է անում մեր հայրենակիցներին պահպանել սառնասրտություն, չտրվել արտաքին և ներքին մանիպուլյացիաներին և սադրանքներին, համախմբվել պետության և բանակի շուրջ:
«Ինչ է տեղի ունենում իրականում՝ փաստերով․
- Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա,
- Հայկական զինված ուժերը կազմակերպված, լուրջ դիմադրություն են ցույց տալիս բոլոր ուղղություններով, որոշ ուղղություններով նաև հետ են շպրտում թշնամու զորքերը,
- Հայկական դիվանագիտական ճակատը, այդ թվում նաև խորհրդարանական, գրագետ և հաշվարկված աշխատանքի շնորհիվ հասնում է նրան, որ նեյտրալ կոչերից ժամերի ընթացքում միջազգային հանրությունը սկսում է հասցեական կոչեր և մեղադրանքներ հնչեցնել Ադրբեջանի հասցեին, կոչեր են հնչում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, ԵՄ-ից և տասնյակ այլ պետությունների և պաշտոնական ներկայացուցիչների կողմից,
- Հայաստանի նախաձեռնությամբ գործարկվում են Հավաքական անվտանգության պետույթյունների կազմակերպության, Համագործակցության և փոխօգնության պայմանագրի, Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդի, ԵԱՀԿ և այլ միջազգային անվտանգային մեխանիզմներ,
- Ադրբեջանը փաստացի հայտնվում է միջազգային մեկուսացման և ծանր ճնշման տակ՝ փաստացի կրելով ռազմական էսկալացիայի ողջ պատասխանատվություն և հետևանքները,
- Հայաստանի հանրապետության Վարչապետը Ազգային ժողովում, ի լուր ամբողջ աշխարհի և հայության հայտարարում է Հայաստանի կարմիր գծերի մասին, հանուն Հայաստանի միջազգայնորեն ճանաչված, սուվերեն տարածքի անձեռնմխոլիության և պետականության՝ մինչև վերջ կռիվ տակու պատրաստակամության մասին։ Եվ, ինչ է տեղի ունենում այդ ելույթից անմիջապես հետո․
- Նոյեմբերի 9-ից հետո խրոխտաբար պետական շենքեր գրավող ուժերը, այն պարագայում, երբ ներքին անվտանգությունն ապահվող անձնակազմը գտնվում էր առաջնագծում, իրենց պատկանող լրատվամիջոցներով մանիպուլյացիայի են ենթարկում վարչապետի ելույթը և կոչ են անում քաղաքացիներին դուրս գալ փողոց, այն դեպքում, երբ Ջերմուկում, Գորիսում, Սոթքում, Կապանում ամեն վայրկյան կարող են վերսկսվել ռազմական գործողությունները։
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին պահպանել սառնասրտություն, հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը, չտրվել արտաքին և ներքին մանիպուլիացիաներին և սադրանքներին, համախմբվել պետության և բանակի շուրջ»,- ասված է Արշակյանի գրառման մեջ: