Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներին, քաղաքացիական օբյեկտները և ենթակառուցվածքները։ Միջազգային գործընկերների աջակցությամբ կողմերի միջև ձեռք է բերվել կրակի դադարեցման մասին համաձայնություն:
Ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ՝ Հայաստանը դիմել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդին: «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության» պայմանագրի շրջանակում ի՞նչ մեխանիզմներ են գործարկվել այդ դիմումի հիման վրա, և ի՞նչ ռազմական օգնություն է Ռուսաստանը նախատեսում ցուցաբերել հայկական կողմին՝ «Լուրերի» հարցին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանեց՝ Ռուսաստանը ստացել է Երևանի դիմումը՝ իրավիճակի կարգավորմանը աջակցելու խնդրանքով. աշխատանքներ են տարվում բոլոր մակարդակներում։
Մարիա Զախարովա (ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Երեկ կրակի դադարեցման նոր պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի միջև հրադադարի մասին պայմանավորվածությունը կպահպանվի: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, բոլոր խնդիրները լուծել քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ:
Ռուսաստանը կողմերին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերում, Զախարովան հիշեցնում է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն այցելել է Երևան և Բաքու: Գլխավոր թեման քննարկումների հենց ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումն է եղել:
Մարիա Զախարովա - Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա լարվածությանը՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանն ուղղված աշխատանքները չեն դադարել. դա կարևոր առաջնահերթություն է: Մոսկվան ձգտում է մոտեցնել կողմերի դիրքորոշումները, և հավաստիացնում եմ ձեզ՝ համապատասխան ջանքերը կշարունակվեն: Կարգավորման համար հիմք են հանդիսանում եռակողմ պայմանավորվածությունները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և հատուկ առաքելություն տարածաշրջան ուղարկելը կազմակերպության էական ներգրավվածություն է Հայաստանի և Ադրբեջանի լարվածությանը: ՀԱՊԿ-ի օժանդակության հարցը, նրա կարծիքով, միայն Ռուսաստանին չպետք է հղել, քանի որ վերջին տարիներին ռուսական կողմն ահռելի ջանքեր է գործադրել բազմամյա ճգնաժամը լուծելու ուղղությամբ ոչ միայն թղթի, այլև գետնի վրա: