Ազգային ժողովը քննարկում է ՀՌՀ անդամի թեկնածության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է Տիգրան Հակոբյանի թեկնածությունը:
Նա խոսեց այն խնդիրների մասին, որոնք ծառացած են մեդիադաշտի և հանձնաժողովի առջև:
«Մենք մի կարծրատիպ ունենք, որ տեսալսողական մեդիան կատարում է 3 կարևոր ֆունկցիա՝ տեղեկացնում է, լուսավորում է կամ կրթում և զվարճացնում: Դա խաբկանք է: Մեդիայի հիմնադրման պահից ոչ պակաս ֆունկցիաներից էր ապատեղեկացնելը, դեգրադացնելը, չարացնելը, հուսահատության, թշնամության տրամադրություններ ստեղծելը:
Հենց այդ մեդիան է, որ կարողանում է ստեղծել հերոսներ կամ ոչնչացնել նրանց, հենց այդ նույն մեդիան է, որ կարող է հարգանք և սեր ստեղծել պետության հանդեպ կամ չարացնել պետության հանդեպ, սպասարկել քո երկրի տեղեկատվական օրակարգերը կամ սպասարկել այլ երկրների տեղեկատվական շահերը:
Այսինքն՝ մեդիան հզորագույն սոցիալ-հոգեբանական գործիք է»,- ասաց նա:
Ըստ Հակոբյանի՝ այսօր կարևոր խնդիր է օրենսդրության փոփոխությունը, որը կկարգավորի մեդիաոլորտը:
«Մենք պետք է վերաիմաստավորենք հանրային մուլտիպլեքսի ամբողջ համակարգը: Ինֆորմացիոն հոսքերի անծայրածիր օվկիանոսում ամբողջ աշխարհում հանրային մուլտիպլեքները ստեղծում են միայն նրա համար, որ ունենան փոքր, սուվերեն տարածք, որը կնպաստի հանրային համերաշխությանը, երկրի մրցունակությանը, կրթությանը և այլ հանրօգուտ հաղորդումների ստեղծմանը, տարածմանը:
Մեզ մոտ հանրային մուլտիպլեքսն այդ ֆունկցիան, ցավոք, չի կատարել: Մինչև հիմա նա կատարում է միջկուսակցական պայքարի, ընդդիմության և իշխանության առճակատման, տեղեկատվական պատերազմների դեր և, ցավոք, հաճախ սպասարկում է ոչ թե քո երկրի, այլ ուրիշ երկրների տեղեկատվական օրակարգերը և շահերը»,- ասաց նա: