ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՆՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ. ԻԻՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը, ընդգծել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
Ամիր Աբդոլլահիանն ասել է.
«Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը մտահոգիչ է, և տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության»:
Միաժամանակ, Թեհրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանն ասել է.
«Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»:
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նույնպես մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության սրման և սահմանային բախումների կապակցությամբ և կոչ արել տարաձայնությունները կարգավորել միջազգային իրավունքի հիման վրա: