ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, անդրադառնալով Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող ակցիաներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հակաիշխանական ակցիաները Ադրբեջանի շահերը սպասարկող տեղեկատվական դիվերսիա են։
«Դրա մասին է նաև վկայում ադրբեջանական լրատվամիջոցներում Երևանում տեղի ունեցող ակցիաների լայն լուսաբանումը։
Հավելեմ, որ այսօր Երևանի փողոցներում վարչապետի հրաժարականի պահանջով ակցիայի մասնակիցներից զանգեր են հնչել տարբեր զորամասերի հրամանատարությանը, կոչ են արել այլևս չմարտնչել՝ պատճառաբանելով, թե վարչապետ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրելու։
Բնականաբար, այսօրինակ դեպքերը իրավապահները քննության կառնեն, իսկ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ։
Այն, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, չի պատրաստվում ստորագրման, անգամ քննարկման ենթակա փաստաթուղթ չկա, դրա մասին հենց ինքը՝ վարչապետն անգամ հայտնեց, սակայն մի բան ակնհայտ է՝ Ադրբեջանի շահերը սպասարկող այս տեղեկատվական դիվերսիան և դրան հաջորդած գործողությունները միտված են երկրում քաոտիկ իրավիճակ ստեղծելու, բանակի մարտական ոգին ընկճելու համար։
Սիրելի՛ հայրենակիցներ, մի՛ տրվեք տարատեսակ տեղեկատվական ստերին և մի՛ դարձեք դրանց զոհը՝ միաժամանակ վնասելով ազգային անվտանգությանն ու սահմանին մարտնչող մեր եղբայրներին»։