ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է, որ ռազմական ուժի կիրառման մասին, այն էլ՝ ՀԱՊԿ-ի ներգրավմամբ, ո՛չ սեպտեմբերի 13-ին, ո՛չ երեկ, ո՛չ այսօր, խոսք չի եղել և, նրա կարծիքով, մոտ ապագայում չի լինի։ «Կողմերը պայմանավորվել են հրադադարի մասին, մենք հույս ունենք, որ այսուհետ ևս գործընթացները կընթանան խաղաղ ճանապարհով՝ առանց զենքի և ուժի կիրառման»,- նշել է Սիդորովը: Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ-ի առաքելություն ուղարկելու առաջարկով հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դաշինքի մյուս անդամ երկրների ղեկավարները համաձայնել են:
ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ԱԼԻԵՎԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Կրեմլում հուսով են, որ ՀԱՊԿ-ի դիտորդական խումբը հայ-ադրբեջանական սահման կժամանի այս շաբաթ, այդ թեման կքննարկվի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք հույս ունենք, որ տեսչական խումբը՝ Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, այս շաբաթ կժամանի սահման՝ պատրաստելու զեկույց ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար: Իսկ վաղը տեղի կունենա Վլադիմիր Պուտինի շփումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի օրակարգում լինելու է նաև այդ հարցը»,- ասել է նա լրագրողներին։ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում վաղը տեղի կունենա Պուտին-Ալիև հանդիպում: Լրատվամիոցները գրում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև էսկալացիան Սամարղանդ նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն է մտադիր քննարկել Վլադիմիր Պուտինի հետ:
ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՔԻՆ Է. ԷՐԴՈՂԱՆ
Ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ Թուրքիան, ինչպես միշտ, եղբայր Ադրբեջանի կողքին է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան Էրդողանը որակել է, այսպես ասած, «հայկական սադրանք»: Թուրքիայի ղեկավարը նշել է, թե, իբր, Հայաստանը չի կատարում Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստորագրված հայտարարության դրույթները, սպառնացել՝ դա հետևանքներ կունենա հայկական կողմի համար։
ԽԱՂԱՂ ԿՈՎԿԱՍԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ
«Վրաստան ցավում է իր երկու հարևանների և բարեկամների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա վտանգավոր սրացմամբ»՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններին: «Խաղաղ Կովկասը ճանապարհ է դեպի ավելի ուժեղ, զարգացած և անկախ տարածաշրջան, որը օգուտ կբերի մեր բնակչության ապագային»,- հավելել է Վրաստանի նախագահը:
ԱԼԻԵՎԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է. ՓԱԼՈՆ
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերում հայտնել է, որ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների հետ ներկայացրել է մի բանաձև, որով դատապարտվում է Ադրբեջանի վերջին հարձակումը, կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունը և վերահաստատում Ներկայացուցիչների պալատի աջակցությունը Հայաստանին: «Ալիևի ագրեսիան անընդունելի է»,- հայտարարել է ԱՄն կոնգրեսականը:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ԳՈՐԾԵԼ ՀՀ ԴԵՄ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Ադրբեջանը, օգտվելով ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված իրադրությունից, միակողմանի հարձակում է գործել Հայաստանի Հանրապետության դեմ՝ Իսպանիայի խորհրդարանում այսօր հայտարարել է իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ իր համերաշխությունը հայտնելով հայ ժողովրդին։ «Անհեթեթություն է, թե ինչպես է աշխարհը փակում իր աչքերն այս ամենի հանդեպ։ Սա խոսում է Եվրոպայի կրկնակի ստանդարտների մասին։ Եթե Ուկրաինայի հարցով պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ, ապա նույնը չի արվում բռնապետ Ալիևի դեմ»,- շեշտել է Ինյարիտուն։ Նա ընդգծել է, որ ադրբեջանական գազը չպետք է պատճառ դառնա, որպեսզի Եվրոպան կորցնի զգոնությունն ու պատշաճ կերպով չարձագանքի Ադրբեջանի հանցավոր գործողություններին։