ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլսի ելույթը.
«Խորապես անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած բռնություններով, ներառյալ՝ Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծությունների մասին տեղեկություններով: Ցավակցություն և աջակցություն ենք հայտնում վերջին բռնության հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին: ԱՄՆ-ը ներգրավված է եղել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարության հետ երկխոսության մեջ, և մենք արտահայտել ենք մեր խոր մտահոգությունը՝ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ: Մեզ, մասնավորապես, անհանգստացնում են Հայաստանի տարածքում տուժած քաղաքացիական անձանց մասին տեղեկությունները: Բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն միջազգային մարդասիրական իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ ներառյալ խաղաղ բնակչությանը պաշտպանելուն վերաբերող դրույթները:
Ինչպես մյուսները, ԱՄՆ-ը նույնպես ողջունում է ռազմական գործողությունների դադարեցումը: Նաև խրախուսում ենք երկու կողմերին՝ շարունակելու ձեռնպահ մնալ նման գործողություններից: Զինված ուժերն այժմ պետք է հեռու մնան, որպեսզի կողմերը կարողանան բանակցությունների միջոցով հասնել մնացող հարցերի խաղաղ կարգավորմանը: Հրատապ անհրաժեշտություն կա՝ վերադառնալ բանակցությունների և ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Պետք է այսօր հստակ ասեմ. ԱՄՆ-ը հաստատակամ է մեկ հարցում՝ հակամարտությանը զինված լուծում չի կարող լինել: Երկու կողմերին հորդորում ենք վերականգնել դիվանագիտական և ռազմական ուղիներով հաղորդակցության խողովակները և վերադառնալ դիվանագիտական գործընթացին: Անհրաժեշտ է հասնել ՀՀ և Ադրբեջանի միջև մնացող բոլոր հարցերի բանակցված և համակողմանի լուծմանը:
Միջազգային հանրությունը պետք է դիվանագիտությամբ ներգրավված լինի տևական խաղաղության հասնելուն միջնորդելու համար: ԱՄՆ-ը հավատարիմ է կայուն հրադադարին և խաղաղ կարգավորմանը: Պետքարտուղար Բլինքենը խոսել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ փոխանցելու սահմանի երկայնքով զինված գործողությունների կապակցությամբ մեր մտահոգությունը: Այս օրերին դեսպան Ռիքերը, որը Կովկասի հարցերով ավագ խորհրդականն է, հանդիպումներ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի բարձր ղեկավարության հետ: ԱՄՆ-ը հավատարիմ է Հարավային Կովկասի համար խաղաղ, բարգավաճ և ժողովրդավար ապագայի առաջմղմանը: Կողմերին կոչ ենք անում ավելացնել դիվանագիտական ջանքերը՝ օգտագործելով գործող մեխանիզմները՝ ուղղակի հաղորդակցության համար, որպեսզի գտնեն հակամարտության, դրան առնչվող կամ դրանից բխող մնացյալ հարցերի համակողմանի լուծում:
Մենք պատրաստ ենք երկխոսության իրականացմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ և՛ երկկողմ ձևաչափով՝ ԵԱՀԿ միջոցով, և՛ գործընկերների հետ համակարգմամբ, որպեսզի հասնենք հակամարտության տևական կարգավորման՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը և Հելսինկյան եզրափակիչ ակտը»: