ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ԱԺ ամբիոնից ելույթ ունենալիս շեշտեց, որ այս պահին գլխավոր նպատակը սահմանների պաշտպանությունն է ու անկախության պահպանումը:
Նա նաև անդրադարձավ երեկվա բողոքի ակցիաներին:
«Երեկ այն նույն մարդիկ, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ գնում էին սահման, զինվորներին համոզում, որ հողերը ծախած են, կառավարում էին անողնաշար հրամանատարների, որոնք դիրքեր հետ բերած տղերքին նահանջի հրաման էին տալիս, որ կոչ էին անում տանկերը պտտել դեպի Երևան, երբ Արցախում թեժ կռիվ էր, այդ նույն մարդիկ, որոնք ամեն ինչ արեցին, որ Շուշին ընկնի, որ Երևանում գան իշխանության, երեկ նույն բանը փորձեցին կրկնել: Մանիպուլացրին պարզ ու ճշմարիտ միտք, որ հնչել էր այս ամբիոնից, մեդիատեռորի միջոցով խաբեցին էմոցիոնալ, հայրենասեր ժողովրդի մի հատվածին, բերեցին Բաղրամյան պողոտա, նրանց հետ խառնեցին կազմակերպված խմբերի, քաղաքական անմեղսունակների, ծաղրածուների, արկածախնդիրների, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:
Բայց երեկվա իրադարձությունները չավարտվեցին իշխանության կողմից ուժային մեթոդներով, այլ կանխվեց ժողովրդի իմաստության շնորհիվ: Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին, որ երեկ եկել էին Բաղրամյան պողոտա, գտնվում էին Հանրապետության հրապարակում և չտրվեցին սադրանքներին»,- ասաց Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ այսօրվա ընդդիմությունը լքել է իր քաղաքական խրամատը:
«ԱԺ-ում այսօրվա ընդդիմությունը հավաքված է դավաճանների, հողատուների խմբից»,- ասաց նա: