Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկուն:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախևառաջ անդրադարձել է վերջին օրերին մեր պետության դեմ Ադրբեջանի սանձարձակած դատապարտելի պատերազմին, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք նրա ներխուժմանը, խաղաղ բնակավայրերի հրետակոծության, ավերածությունների և ցավալի զոհերի խնդրին և Հայաստանի Հանրապետության բնակչության դեմ Ադրբեջանի հետագա ագրեսիվ ռազմական գործողությունների ու սպառնալիքների անթույլատրելիությանը:
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին իր հերթին նկատել է, որ երկու քաղաքների միջև իսկապես առկա է գործակցության լայն դաշտ, ինչը հնարավորություն կտա ընդգրկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ:
Պաշտոնական ձևաչափով հանդիպումից հետո Երևան քաղաքի ավագանու և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկին: Փոխըմբռնման հուշագրով գործակցություն կծավալվի տեղական ինքնակառավարման, քաղաքաշինության և հողօգտագործման, բյուջետային գործընթացի և հարկային քաղաքականության, մշակույթի, կրթության, նորագույն տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի և այլ բնագավառներում: