ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿՈՉ ԼԻԲԱՆԱՆԻ ԱԳՆ-ԻՑ
Լիբանանի արտգործնախարարությունն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիային: «Լիբանանի արտգործնախարարությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանի տարածքում Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական վերջին զարգացումների առնչությամբ` ափսոսանք հայտնելով հայկական քաղաքներում ավերածությունների և սպանությունների համար: Կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները»,- նշված է Լիբանանի արտգործնախարարության Twitter-ի միկրոբլոգում:
ԱԼԻԵՎԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է. ՓԱԼՈՆ
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը Թվիթերում հայտնել է, որ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահների հետ ներկայացրել է մի բանաձև, որով դատապարտվում է Ադրբեջանի վերջին հարձակումը, կոչ է արվում անհապաղ դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող բոլոր օգնությունը և վերահաստատում Ներկայացուցիչների պալատի աջակցությունը Հայաստանին: «Ալիևի ագրեսիան անընդունելի է»,- հայտարարել է ԱՄն կոնգրեսականը:
ԱՄՆ-Ը ՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԵՑՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած հարձակումները հերթական վկայությունն են նրա, որ Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն այդ երկրին՝ Թվիթերի իր էջում հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն։ «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի վերջին հարձակումները Հայաստանի դեմ։ Սա հրադադարի ուղիղ խախտում է և վերահաստատում է այն համոզմունքը, որը մենք միշտ ենք իմացել՝ մենք պետք է անմիջապես դադարեցնենք ռազմական աջակցություն ուղարկել Ադրբեջանին»,- մասնավորապես գրել է Նապոլիտանոն։
ԿՈՎԿԱՍԸ ՄԵԶ ՀԵՌՈՒ Է ԹՎՈՒՄ, ԲԱՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՈՏ Է ՄԵՐ ՍՐՏԻՆ
Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը Թվիթերում աջակցություն է հայտնել Հայաստանին՝ գրելով. «Կովկասը մեզ հեռու է թվում, բայց Հայաստանը մոտ է մեր սրտին»: Նրա խոսքով՝Հունաստանի և Հայաստանի հարաբերությունները հազարամյակների եղբայրական պատմություն ունեն: «Համերաշխություն Հայաստանին, պատժամիջոցներ ադրբեջանական գազին, պաշտպանություն Թուրքիայից»,- Թվիթերում գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը:
ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՏԵՍՆԵԼ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ ՀՐԱԴԱԴԱՐ
Վաշինգտոնն ուզում է տեսնել ուժի մեջ մտնող հրադադար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քըրբին` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումներին:
«Մենք վաղուց ենք ասել ու նորից պետք է ասեմ՝ այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից: Մենք նաև խրախուսում ենք երկու կառավարություններին՝ վերականգնել ուղիղ հաղորդակցությունը և դիվանագիտական ու ռազմական ուղիներով հարթել ճգնաժամը»,- նշել է նա:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԿՈՉ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վիճելի հարցերը լուծել բանակցությունների միջոցով և խուսափել հետագա էսկալացիայից։ Վրաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսում նա շեշտել է, որ ռազմական բախումները ոչինչ չեն լուծում, դրանք անիմաստ են և միայն հանգեցնում են զոհերի։ Կանցլերի խոսքով՝ Եվրամիությունը, մասնավորապես Գերմանիան, ինչպես նաև Վրաստանը, պետք է անեն հնարավորը՝ խաղաղ ճանապարհով վերջ դնելու բռնությանը:
Ղարիբաշվիլին, իր հերթին, ընդգծել է, որ Թբիլիսին անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրմամբ։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրների միջև երկխոսությունը կվերականգնվի: Ղարիբաշվիլին մտահոգություն է հայտնել, որ ներկայիս զարգացումները կարող են ավելի վատթարացնել անվտանգության մթնոլորտը տարածաշրջանում:
ԱՄՆ-Ը ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՄԲ
Վաշինգտոնը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությամբ, մասնավորապես մտահոգիչ է, որ տուժում են Հայաստանի տարածքում գտնվող խաղաղ բնակիչները՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով Լուրերի թղթակցի հարցին:
Նեդ Փրայս (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Պետքարտուղար Բլինքենն ավելի վաղ կոչ է արել նախագահ Ալիևին՝ դադարեցնել բռնությունները, հետ քաշել զինված ուժերը և լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով: Վաշինգտոնը կողմերի հետ բոլոր մակարդակներով շփումների ժամանակ հայտարարել է՝ այս հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից:
Նա հավատացրել է՝ ԱՄՆ-ը շարունակելու է անել հնարավորը՝ հանուն Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագայի:
ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ. ԱԲՐԱՄՈՎԻՉ
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի թիրախավորումը դատապարտել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիչը, կոչ արել անհապաղ դադարեցնել մահաբեր հարձակումները Հայաստանի վրա և հավատարիմ մնալ խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին։
«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է կարգավորվեն դիվանագիտության և բանակցությունների, այլ ոչ հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։ Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն միջազգային կարգում, ուստի հորդորում ենք ԱՄՆ կառավարությանը, ժողովրդավար երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ անհապաղ հանդես գալ հրադադարի կոչերով: Ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի հանձնառությունը՝ քննարկումներ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, կոչ ենք անում ժողովրդավար կառավարություններին՝ դիտարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը»։