Բոլոր երեք մարզում էլ՝ Գեղարքունիք, Վայոց ձոր, Սյունիք, նշանակված են պատասխանատու լիազոր անձինք, որոնց միջոցով կազմակերպվել է մարդկանց՝ արկերից հեռու-ապահով տարածքներում տեղավորումը: Կոնկրետ վայրերի անուններ չնշելով, որ ինֆորմացիայի գաղտնիությունը չխաթարվի, վստահեցնում է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը։
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Տեղավորվել են մարզի մակարդակում՝ գուցե այլ համայնքում, այս պահին այլ տեղաշարժ չի ենթադրվում, քանի որ տարհանում չկա, տեղափոխելու խնդիր չկա:
Ըստ Տաթևիկ Ստեփանյանի՝ տեղահանված ընտանիքների տվյալները նախարարությունը ճշտում է և՛ համայնքային ղեկավարության, և՛ ՄԻՊ գրասենյակի գործընկերների հետ, որ օգնության կարիք ունեցող ոչ մեկին ուշադրությունից դուրս չթողնեն։ Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ մարդ կա՝ ասել է՝ մեքենայում է գիշերել, հարց բարձրացրին լրագրողները։
Տաթևիկ Ստեփանյան - Անկեղծ եմ ասում, որ չունենք դեպք, որ դրսում քաղաքացի կա: Գուցե բարեկամի տանն է, որ ուզում է տեղափոխվել: Դա ևս համայնքային մակարդակում էլի լուծելի է:
Այս օրերին ռիսկային գոտիներում տեղաշարժի թե օժանդակության այլ հարցերով՝ բնակչությունը կարող է զանգել Սոցապնախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով։ Գերատեսչությունն է համակարգում նաև տուժածների սոցիալական աջակցությունը: Որպեսզի բոլորը նույն գործը չանեն, արդեն հանդիպել են դոնորների, ՀԿ-ների և օնլայն կամ փողոցներում սնունդ-դեղորայք հավաքող անհատ նախաձեռնողների հետ ու իրազեկել, որ սոցիալական աջակցության ամբողջ ծավալը, այս պահի դրությամբ, մարզպետարանների հանձնարարությամբ համայնքները փակում են․ ըստ կարիքի և տարիքի: Տրամադրում են առաջին անհրաժեշտության փաթեթներ՝ ասաց փոխնախարար Ստեփանյանը։
Տաթևիկ Ստեփանյան - Առաջնային կարիքի բավարարումը ենթադրում է սնունդ, հագուստ, կոշիկ, այն ամենը, ինչ մարդուն անհրաժեշտ է, որ կարողանա իր բնականոն կենսագործունեությունը ապահովել: Մյուս հարցը, որ ուզում եմ իրազեկված լինեք, վիրավորների հարցն է, որ գտնվում են հոսպիտալներում: Միասնական սոցծառայությունը ընտանիքների կարիքների գնահատում է կատարում, քանի որ երբ մարդը վիրավոր է, ընտանիքը դժվարին կացության մեջ է հայտնվում։
Ե՞րբ կկարողանան մարդիկ վերադառնալ իրենց տներ՝ առայժմ հնարավոր չէ ասել։ Մի կողմից անհրաժեշտ է վստահ լինել, որ ադրբեջանական կողմից կրակոցներ այլևս չեն լինի, մյուսից՝ արագ կազմակերպել հրետակոծությունից քանդված-այրված բնակմակերեսի վերանորոգումը։ Այս առումով տուժել են բոլոր երեք մարզերն էլ, ամենաշատը՝ Գեղարքունիքը։
Վաչե Տերտերյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) - Ունենք վնասված մոտ 192 բնակելի տուն, մոտ 60-ը՝ ամբողջությամբ օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ և գյուղատնտեսական նշանակության այլ գույք ու կենդանիներ, վնասվել են նաև մեքենաներ, գյուղտեխնիկա, շտապօգնության մեքենա:
Գույքագրված վնասն առայժմ մոտավոր է․ հենց հնարավոր եղավ՝ մանրամասն կճշտվի, որ վերականգնեն՝ վստահեցնում է Վաչե Տերտերյանը։
Վաչե Տերտերյան - Կստեղծվեն մասնագիտական հանձնախմբեր, որ տեղերում ավելի մանրամասն կհաշվառեն վնասները. ասում եմ մեր քաղաքացիների համար, որ գոնե այդ մասով հանգիստ լինեն, որ պատճառված բնասները մանրամասն կգույքագրվեն:
Վնասված ենթակառուցածքներից․ էլեկտրանէերգիայի անջատումներն, ըստ Վաչե Տերտերյանի, հինգշաբթի կեսօրի դրությամբ ամենուր՝ բացառությամբ Ներքին Շորժայի, վերացված են։ Սոթքում, Կութում նաև համայնքապետարանի շենքերն են տուժել։ Բիզնեսի կրած վնասներից՝ Ջերմուկում 3 հյուրատան ու մի առողջարանի պատուհաններ են ջարդվել, շինությունների արտաքին պատեր վնասվել։ Ինչ աստիճանի՝ դեռ գնահատական չկա, բայց վնասվել է նաև Ջերմուկի ճոպանուղին։