ՄՏԱՀՈԳԻՉ Է, ՈՐ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ՀՀ ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ. ՓՐԱՅՍ
Վաշինգտոնը մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածությամբ, մասնավորապես մտահոգիչ է, որ տուժում են Հայաստանի տարածքում գտնվող խաղաղ բնակիչները՝ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով «Լուրերի» թղթակցի հարցին:
Նեդ Փրայս, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ - Պետքարտուղար Բլինքենն ավելի վաղ կոչ է արել նախագահ Ալիևին դադարեցնել բռնությունները, հետ քաշել զինված ուժերը և լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով: Վաշինգտոնը կողմերի հետ բոլոր մակարդակներով շփումների ժամանակ հայտարարել է՝ այս հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով: Կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ ռազմական գործողություններից
Նա հավատացրել է՝ ԱՄՆ-ը շարունակելու է անել հնարավորը՝ հանուն Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագայի:
ԿԱՅԱՑԵԼ Է ԴՈՆՖՐԻԴ-ԲԱՅՐԱՄՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԸ
Ադրբեջանը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների քաղաքական ու դիվանագիտական կարգավորմամբ. հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Դոնֆրիդը, իր հերթին, նշել է, որ Վաշինգտոնը մտահոգված է տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ակնկալում է ռազմական գործողությունների դադարեցում և հրադադար: Պաշտոնյան ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը շրջանառության մեջ են դրել Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակումները դատապարտող օրինագիծ:
«Ադրբեջանը պետք է դադարեցնի անմեղ հայ խաղաղ բնակիչների ահաբեկումը և նրանց վրա հարձակումները: Իսկ ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները պետք է դատապարտեն ադրբեջանական գործողությունները: Բանաձև ենք ներկայացրել հետևյալ ուղերձով. «Այլևս ոչ մի աջակցություն Ադրբեջանին Միացյալ Նահանգների կողմից, Ադրբեջանը պետք է վճարի իր ռազմատենչ հռետորաբանության համար»,- գրել է Շիֆը։
ԱԲՐԱՄՈՎԻՉԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՄԱՀԱԲԵՐ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԸ
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի թիրախավորումը դատապարտել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիչը, կոչ արել անհապաղ դադարեցնել մահաբեր հարձակումները Հայաստանի վրա և հավատարիմ մնալ խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ջանքերին։
«Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները պետք է կարգավորվեն դիվանագիտության և բանակցությունների, այլ ոչ հրետանու և անօդաչու թռչող սարքերի հարվածների միջոցով։
Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության և անվտանգության։
Ինքնիշխան ազգերի վրա ռազմական հարձակումները տեղ չունեն միջազգային կարգում, ուստի հորդորում ենք ԱՄՆ կառավարությանը, ժողովրդավար երկրներին և միջազգային կազմակերպություններին անհապաղ հանդես գալ հրադադարի կոչերով:
Ողջունում ենք Ֆրանսիայի նախագահի հանձնառությունը՝ քննարկումներ անցկացնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, կոչ ենք անում ժողովրդավար կառավարություններին դիտարկել Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը»։