Խորհրդարանական մեծամասնությունը կազմակերպված ակցիա է որակում երեկ ուշ երեկոյան ԱԺ շենքի առջև տեղի ունեցած հանրահավաքը: Այն նպատակ ուներ թիկունքում երկրորդ ճակատ բացել՝ կարծում է Վահագն Ալեքսանյանը, նշում՝ սա ուղիղ հարված էր բանակին ու նրա մարտունակությանը:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Նմանատիպ գործելաոճը, երբ տղեքը սահմանին կռվում են, կատաղի կռվում են, ցանկացած մարդ, ով ապրում է էնդեղ՝ սահմանամերձ բնակավայրերում, կփաստի՝ ինչ կատաղի կռիվ են տվել մեր տղեքը, էստեղ հանկարծ հրապարակվում ա կեղծ ստորագրություն, զիջողականություն և այլն: Դուրս են գալիս կատաղի միտինգի, վարձու ինչ-որ 20 կոպեկանոց դերասաններ են բերում, որ լացելու վիդեոներ նկարեն, թե իբր իրանք լացում են, բայց երևում ա, որ արցունքը չի գնում, որովհետև էդտեղ էլ են փողի մեջ մտել, փողը կերել, նորմալ դերասան չեն վարձել: Էս մարդիկ ամեն ինչում են ապիկար, ու էդ ամեն ինչը անում են նրա համար, որ տղեքը սահմանին բարոյալքվեն, որ սահմանամերձ բնակավայրերի ժողովուրդը բարոյալքվի, մասսայաբար լքի-փախչի: Սա, ի դեպ, էն ա, ինչը որ արել են 44-օրյա պատերազմի ժամանակ:
Քաղաքացիները երեկ Բաղրամյանում հավաքվեցին Կառավարության հետ հարցուպատասխանից հետո: Նիկոլ Փաշինյանը, խոսելով հանուն խաղաղության ծանր որոշումներ կայացնելու պատրաստակամության մասին, ասել էր՝ ցանկանում է ստորագրել այնպիսի թուղթ, որի արդյունքում, եթե անգամ իրենց դավաճան անվանեն, քննադատեն, Հայաստանը իր՝ միջազգայնորեն ճանաչված 29,800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն: Չկա որևէ փաստաթուղթ՝ նորից պնդեց պատգամավորը, տարածվածն ապատեղեկատվություն էր, վարչապետի ելույթի ընդհանուր կոնտեքստից կտրված միտք՝ ասաց:
Ալեքսանյանից հետո ելույթ խնդրեց Գեղամ Մանուկյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավորը օրվա սկզբին թեև դահլիճում չէր, հերթագրված չէր, մոտեցավ ամբիոնին: Երեկվա հավաքն ինքնաբուխ էր, ուղղորդված չէր, մարդիկ հուզված, վրդովված էին՝ հայտարարեց Մանուկյանը: Ըստ նրա՝ հենց Բաղրամյանում հավաքված ժողովուրդը պարտադրեց, որ իշխանությունը սկսեց հերքել, իր բնորոշմամբ, Փաշինյանի արած վտանգավոր հայտարարությունը: Մանուկյանի ելույթը դահլիճում լարվածություն առաջացրեց:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Հասկացե՛ք, կա՛նգ առեք։ Երեկ ամբիոնից հնչել է մի արտահայտություն, որ ինչ-որ թուղթ, եթե ստորագրվի, մարդիկ կարող են ասել դավաճան։ Այդ պիտակը հետո ամեն մեկիդ կպնելու է, անջատեք միկրոֆոնը, հարգելի գործընկերներ, պարո՛ն Ալեքսանյան, տիկի՛ն Հակոբյան:
Նիստը նախագահող Հակոբ Արշակյանը ՔՊ պատգամավորներին հորդորեց հանգստություն պահպանել, Մանուկյանին էլ կոչ արեց չլարել մթնոլորտը: Ընդդիմադիր պատգամավորը խոսքը եզարափակեց՝ նշելով՝ օրհասական պահ է, իսկ լուծումն, ըստ նրա, մեկը՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ, որը կարող է դուրս բերել երկիրն այս վիճակից:
Ելութից հետո կրքերը նորից բորբոքվեցին, 30 րոպե ընդմիջում հայտարարվեց։ Երբ նորից վերադարձան դահլիճ, Գեղամ Մանուկյանին նախ Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, համերաշխության կոչ արեց:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Դաշնակությունն հայտնի է համերաշխությունը մերժելու իր գաղափարախոսությամբ, 92 թվական, ավանդույթներով: Հիմա էդ ավանդույթը երեք մերժենք, համերաշխության միջավայրում մենք կարող ենք բանակի կողքին լինել, դուք անընդհատ խոսում եք պաշտպանական խնդիրներից, բայց Երևանի կենտրոնում, դուք հիմա թիրախավորում եք ընտանիքները, բայց եթե դուք փորձ անեք մտնեք ընտանիք, ընտանիքը պարտավոր է պաշտպանի իրան, դուք էդ տարածքից չեք կարա դուրս գաք ձեր ոտքով, ձեզ կարող ա դուրս հանեն, աշխատեք չմտնեք էդտեղ, դա ընտանիք ա, պետությունն էլ ա ընտանիք, մի՛ փորձեք աղավաղեք ամեն ինչ:
Ընդդիմության կողմից հավաքի ժամանակ հնչած արտահայտություններին անդրադարձավ նաև պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը: Նրան միացան խմբակցության մյուս անդամները:
Վլադիմիր Վարդանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մի քանի անգամ կրկնեցիք՝ ինքնաբուխ էր, ինքնաբուխ էր: Դուք շատ լավ հասկանում էիք, որ այդ հավաքի ժամանակ այն կարգի հանցավոր վարքագիծ է եղել, որ մենք չէ, իրավապահները պետք է զբաղվեն ձեզանով, և դուք այստեղ էիք, որ ասեիք՝ ժողովուրդ ջան, էդ մենք չէինք, տենց չի լինում, ասում են՝ գնացեք, պատգամավորին էսինչ հասցեից բերման ենթարկեք, բերեք, բերեք հասցրեք ստեղ: Ըստ էության, քրեորեն պատժելի արարք է, մի բան էլ ասում են՝ բերեք պարտադրեք, որ ինքը ստորագրի:
Արփի Դավոյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - ԱԺ դարպասներն էիք քաշքշում, ամոթ ա, հենց հիմա դռները բաց ա, ստեղ ենք, բոլորս ստեղ ենք, եկեք: Ցավում եմ, որ ունենք նման ընդդիմություն, կամ սենց ընդդիմություն, որ քվե են ստացել ժողովրդից:
Ռուբեն Ռուբինյան (ՀՀ ԱԺ փոխնախագահ) - Կուզեի ընդդիմությանը կոչ անել, որ գան դահլիճ, բոլորով միասին կոչ անենք ժողովրդին համախմբվել, իշխանության չէ, պետականության շուրջը: Ցավոք, ես այլևս հույս չունեմ, որովհետև այստեղ դիտավորության հոտ է գալիս, դրա համար ես մեր ժողովրդնին եմ կոչ անում. ժողովուրդ ջան, պահպանենք հանգստություն, ՀՀ կառավարությունը, ՀՀ ԱԺ մեծամասնությունը՝ «ՔՊ», հաստատակամ է ամեն գնով պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
«Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավորները հանդուրժողականության կոչ արեցին, որ ապահովվի ներքին միասնությունը՝ արտաքին վտանգներին դիմագրավելու համար: