ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Գեն Շուանի ելույթը.շ
«Չինաստանը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային գոտում վերջին զինված բախումներով և գրանցված զոհերով։ Տարածաշրջանային խաղաղության և կայունության պահպանումը բխում է այս երկրների ընդհանուր շահերից։
Երկու երկրներին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և միջոցներ ձեռնարկել իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար։ Ինչպես քիչ առաջ տեղեկացվեց քննարկման ժամանակ, նրանք հրադադարի համաձայնության են եկել։ Հուսով ենք, որ կողմերը կպահպանեն այդ պայմանավորվածությունը՝ ընդհանուր ջանքերով իրավիճակը կայունացնելու համար։
Հայաստանն ու Ադրբեջանը անցած տարվա մայիսին ստեղծել են սահմանազատման հանձնաժողովներ, որոնք վերջերս հանդիպել են: Հուսով ենք, որ կողմերը կշարունակեն դրական փոխգործակցությունը սահմանի հարցում:
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն անբաժանելի է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումից։ Չինաստանը ճանաչում է խնդրի պատմական դերը, և մեր դիրքորոշումը եղել է հետևողական։ Մենք աջակցում ենք քաղաքական երկխոսության միջոցով խնդիրների և տարաձայնությունների լուծմանը, և հուսով եմ՝ կողմերը ապագայում կմշակեն միջազգային իրավունքի նորմերին, սահմանված ընդունելի նորմերին համապատասխան հակամարտության լուծում։
Չինաստանը ողջունում և աջակցում է 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ձեռք բերված եռակողմ հայտարարությունը և կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի և Ռուսաստանի միջնորդությամբ արձանագրված առաջընթացին։
Հայաստանն ու Ադրբեջանը անբաժանելի հարևաններ են, որոնց երկկողմ կայուն հարաբերությունները և համագործակցության զարգացումը ոչ միայն բխում է երկու երկրի և ժողովրդի շահերից, այլև կարող է նպաստել ողջ տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը։
Հույս ունենք և հավատում ենք, որ երկու երկրներն էլ քաղաքական իմաստնություն ունեն և ի վիճակի են երկխոսության և խորհրդակցությունների միջոցով լուծել խնդիրներն ու տարաձայնությունները՝ խաղաղությունը վերականգնելու և անվտանգության հասնելու համար։ Չինաստանը աշխատում է և կաշխատի միջազգային հանրության հետ՝ իրավիճակի կարգավորման համար»: