ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 15-ին, Երևանի դիմումի համաձայն, բաց ռեժիմով կքննարկի Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան:
Նախորդ քննարկումը տեղի էր ունեցել երեկ՝ սեպտեմբերի 14-ին, փակ ռեժիմով: Այն նախաձեռնել էր Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիան:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ռուսական կողմը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ծանուցել է ՀԱՊԿ-ի ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերի մասին: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար հաստատել և կարգավորել իրավիճակը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհով:
Նեբենզյան նաև տեղեկացրել է՝ Ռուսաստանը պնդում է, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթում հղում արվի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարություններին: