Կրեմլում հուսով են, որ ՀԱՊԿ-ի տեսչական խումբը հայ-ադրբեջանական սահման կժամանի այս շաբաթ, այդ թեման կքննարկվի Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք հույս ունենք, որ տեսչական խումբը՝ Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, այս շաբաթ կժամանի սահման՝ պատրաստելու զեկույց ՀԱՊԿ պետությունների ղեկավարների համար: Իսկ վաղը տեղի կունենա Վլադիմիր Պուտինի շփումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի օրակարգում լինելու է նաև այդ հարցը»,- ասել է նա լրագրողներին։
Հիշեցնենք, որ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա Պուտին-Ալիև հանդիպում: