ՄԱԿ-ն իրավասու չէ ստուգելու կամ հաստատելու հայկական կամ ադրբեջանական կողմի հայտարարությունները՝ կապված էսկալացիայի հետ: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի հարցով քննարկման ընթացքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի գծով օգնական Միրոսլավ Յենչան:
«Մենք խորապես մտահոգված ենք այս վտանգավոր սրացման կապակցությամբ, այդ թվում՝ քաղաքացիների վրա դրա հավանական ազդեցությամբ: Մենք հորդորել ենք կողմերին՝ անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացիայի համար: Հայաստանում և Ադրբեջանում գործող ՄԱԿ-ի խմբերը կապ են պահպանում իշխանությունների հետ և պատրաստ են արձագանքելու հումանիտար կարիքներին:
2020-ից հետո սա ամենամեծ բախումն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչը նշանակում է, որ կարգավորման գործընթացը լուրջ խոչընդոտների է բախվում: Սա նաև ընդգծում է անհրաժեշտությունը, որ կողմերն առաջ շարժվեն սահմանազատման և սահմանագծման գործընթացում՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման շրջանակում:
Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը: Դա ընդգծում է, որ տարածաշրջանի և դրանից դուրս դերակատարները պետք է գործեն կառուցողական և ճնշում գործադրեն կողմերի վրա, որպեսզի վերջիններս աշխատեն խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այս առումով միջնորդական մեծ ջանքեր են գործադրվում, մասնավորապես՝ Ռուսաստանի և Եվրամիության կողմից: Դա կարող է հիմք հանդիսանալ կողմերի համար՝ սկսելու երկխոսություն դեպի երկարաժամկետ խաղաղություն:
ՄԱԿ-ն այս հարցով սերտ կապեր է պահպանում շահագրգիռ կողմերի հետ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի:
Ես վստահ եմ, որ չնայած կողմերի միջև առկա անվստահությանը և հակասություններին՝ դրանք կարելի է հաղթահարել:
Միջազգային հանրությունը պետք է ամբողջապես հավատարիմ մնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը և ջանքեր գործադրի ներկա լարվածության թուլացման ուղղությամբ, ինչպես նաև օգնի կողմերին՝ հասնելու խաղաղության և կայունության:
Կողմերը պետք է կատարեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իրենց պարտավորությունները: Կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և քայլեր ձեռնարկել երկարատև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը: