Եվրամիությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, որն ուժի մեջ է մտել երեկ՝ ժամը 20:00-ից սկսած։ Այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գլխավոր խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:
«Մեզ ոգևորում են ստացվող զեկույցներն այն մասին, որ հրադադարը մինչև այժմ պահպանվում է։ Կոչ ենք անում կողմերին՝ շարունակել հրադադարի ռեժիմի պահպանումը և համակարգել մարդասիրական քայլերը, մասնավորապես՝ զոհված զինվորների մարմինների հանձնումը»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելի մանդատի շրջանակում շարունակում է բարձր մակարդակի խորհրդակցությունները՝ սեպտեմբերի 14-ին Բաքվում, 15-ին՝ Երևանում։
«ԵՄ-ն շարունակում է ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ»,- նշված է փաստաթղթում: