Տարածված ապատեղեկատվության ֆոնին Հանրապետության հրապարակում և ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիաներ են նախաձեռնվել: Հրապարակում հավաքը կարճ ժամանակ անց ավարտվել է, իսկ Բաղրամյան պողոտայում շարունակվել է մինչև ուշ գիշեր:
Այնտեղ ակցիային միացել են նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները: Նրանք հայտարարել են, որ նախաձեռնում են վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը պահանջել է ցուցարարներից գնալ կառավարող ուժի պատգամավորների տներ և նրանց բերման ենթարկել: Խորհրդարանական ընդդիմությանը ևս 18 պատգամավորի ձայն է անհրաժեշտ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար:
Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները մտել են խորհրդարանի շենք, իսկ ակցիայի վայրում սկսել են հրապարակել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների բնակության հասցեները: