Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում անդրադառնալով Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակմանը՝ ընդգծել է տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը։
Ամիր Աբդոլլահիանն ասել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը մտահոգիչ է, և տարածաշրջանը պատրաստ չէ նոր հակամարտության»: Նա նաև ասել է, որ Թեհրանի համար անընդունելի է Հայաստանի հետ սահմանի որևէ փոփոխություն: Այդ մասին հայտնել է ParsToday գործակալությունը:
Միաժամանակ, Թեհրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանն ասել է. «Տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն անընդունելի է»:
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նույնպես մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության սրման և սահմանային բախումների կապակցությամբ և կոչ է արել տարաձայնությունները կարգավորել միջազգային իրավունքի հիման վրա: