ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հաղորդում են՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով պայմանավորված՝ մեկնարկել են որոշ մասնավոր նախաձեռնություններ, որոնց շրջանակում հավաքագրվում են սնունդ, հագուստ և առաջնային անհրաժեշտության պարագաներ՝ զինծառայողներին կամ սահմանամերձ մարզերի բնակիչներին ուղարկելու նպատակով։
«Տեղեկացնում ենք, որ այս պահին չկա նման անհրաժեշտություն և հորդորում՝ դադարեցնել ցանկացած նման գործընթաց՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ պետությունը՝ ի դեմս պատասխանատու գերատեսչությունների, շարունակում է ապահովել անհրաժեշտ կարիքների բավարարումը։
Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։
Սոցիալական ոլորտին առնչվող հարցերի դեպքում առաջարկում ենք դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ 114 կամ 044 17 03 21 հեռախոսահամարներով»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ: