Հայաստանի դիրքորոշումն այն է, որ, խոսելով դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին, պետք է հենվել իրավական որոշումների վրա: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե խոսում ենք քարտեզների մասին, պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են իրավական որոշումների վրա: Առանց իրավական հիմքի որևէ քարտեզ պարզապես գեղանկարչություն է:
Մենք ուսումնասիրել ենք, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների կամ քարտեզների ինչ իրավական հիմքեր կան: Առաջարկել ենք ու առաջարկում ենք, որ այս սկզբունքով իրականացվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա և դելիմիտացիա:
Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները, որոնք 1991 թվականին Անկախ Պետությունների Համագործակցության Ալմաթիի հռչակագրով և համապատասխան համաձայնագրով, որոնք վավերացվել են խորհրդարանների կողմից, այդ սահմաններն արդեն ճանաչվել են: Եվ այն պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ: Այդ սահմանը կա, և այն այսօր խախտված է Ադրբեջանի կողմից, որը երկուփուլանի ագրեսիա է իրականացրել:
Առաջին փուլը նախորդ տարվա մայիսի 12-ին էր, երկրորդը՝ հիմա: Այդ սահմանը խախտված է: Ադրբեջանը կոնկրետ ագրեսիա է իրականացրել և իրականացնում, Հայաստանը բոլոր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական մեթոդները պետք է օգտագործի իր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սա նաև՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացում»,- ասաց Փաշինյանը: