Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հայաստանի այն քաղաքացիները, որոնք անհատական բնակելի տուն կառուցելուց հետո երկու տարվա ընթացքում կցանկանան այն վաճառել, պետք է վճարեն 20 տոկոս եկամտային հարկ: Նախագծով առաջարկվում է հանել օրենքում գործող այդ դրույթը:
Նախագծի հեղինակները նշում են, որ բոլոր բնակավայրերում կան հազարավոր անհատական բնակելի տներ, որոնք մարդիկ կառուցել և ապրում են, սակայն չկա ավարտական ակտ, և եթե քաղաքացին այսօր որոշի ունենալ այդ ակտը, վաճառել տունը, որտեղ ապրում է 20-30 տարի, ստիպված է լինելու վճարել 20 տոկոս եկամտային հարկ:
Նախաձեռնությամբ բոլոր այդ դեպքերում, երբ անձը կառուցած տունը ցանկանում է վաճառել, տունը գտնվում է կիսակառույց վիճակում կամ չունի ավարտական ակտ, կազատվի 20 տոկոս եկամտային հարկ վճարելու պարտավորությունից:
Նախկինում դրույթը ներառվել է՝ բացառելու բիզնեսով զբաղվող անձի կողմից եկամտային հարկ վճարելուց խուսափելու դեպքերը: Սակայն ՊԵԿ-ն ունի նման վարչարարություն իրականացնելու համապատասխան գործիքակազմ՝ բացառելու նման իրավիճակները: