Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ՝ հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրենը։ «Երևանի և Բաքվի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության շուտափույթ կարգավորմանը»,- ընդգծել է Դենիս Գոնչարը։ Նա մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու փորձերի համար, ընդգծել՝ ԵՄ-ն ակնհայտորեն ցանկանում է միջամտել ՌԴ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքներին։ Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացը նախնական փուլում է, և Մոսկվան ցավում է, որ այդ գործընթացի ճանապարհին նման զարգացումներ են տեղի ունենում:
«Մեր խնդիրն է ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ապահովելու աշխատանքների արդյունավետությունը, նպաստելու սահմանային գոտում կայունության և անվտանգության մակարդակի բարձրացմանը։ Կոչ ենք անում զերծ մնալ հետագա էսկալացիայից, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- եզրափակել է Գոնչարը։
***
Կայացել է Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը: Մակրոնը կոչ է արել Ալիևին պահպանել հրադադարի ռեժիմը՝ հայտնում են Ելիսեյան պալատից։
Ֆրանսիայի ղեկավարը մտահոգություն է հայտնել Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի վատթարացման և ռազմական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով ռմբակոծվել են հայկական բնակավայրեր: Նա նշել է բանակցությունների ուղղությամբ ակտիվ քայլերի կարևորությունը։ Մակրոնը կոչ է արել Ալիևին անհապաղ վերջ տալ բռնություններին, ընդգծել՝ դաշնակիցների, այդ թվում՝ Եվրամիության ներգրավմամբ պատրաստ է իր ներդրումն ունենալ բանակցային գործընթացում։
***
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին զարգացումներին:
Բորելը կոչ է արել Բայրամովին թուլացնել լարվածությունը: Նա ընդգծել է խաղաղության շուրջ երկխոսության անհրաժեշտությունը։
«Հարավային Կովկասի հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչը կմեկնի Երևան և Բաքու՝ աջակցելու խաղաղության հաստատման ջանքերին»,- հավելել է Բորելը։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։
Նախագահի աշխատակազմից հայտնել են, որ երեկ Ժապարովը մասնակցել է հայկական կողմի նախաձեռնությամբ հրավիրված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, նշել՝ Ղրղզստանը չափազանց անհանգստացած է երկու պետությունների սահմանին իրավիճակի սրմամբ։
Նախագահ Ժապարովն ընդգծել է իրավիճակը բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը և հույս հայտնել, որ կողմերը զերծ կմնան ուժի կիրառումից, իսկ առկա խնդիրները կլուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցով։
Տարածաշրջանում սրման ֆոնին Ղազախստանից Հայաստան խաղաղապահներ ուղարկելու հարց օրակարգում չկա՝ հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետը։
«Երեկ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին։ Անդամ պետությունները որոշել են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի տարածաշրջան՝ տեղում ծանոթանալու իրավիճակին»,- նշել է Մուխթար Թլեուբերդին։
Նախարարի խոսքով՝ առաջնահերթ խնդիր է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման համատեղ հանձնաժողովի աշխատանքի վերսկսումը։
«Մենք պատրաստ ենք կիսվել մեր փորձով»,- շեշտել է պաշտոնյան: