ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությանն այն մասին, որ անթույլատրելի է սահմանային հատվածներից ռազմական, քաղաքացիական օբյեկտների, զինտեխնիկայի տեղաշարժերի լուսանկարներ, տեսանյութեր հրապարակել:
«Միասին անցել ենք 44-օրյա պատերազմի միջով և տեսել ենք, թե ինչ հետևանքներ են ունենում այս լուսանկարներն ու տեսանյութերը: Սա հակառակորդի արտաքին հետախուզության գործառույթն է: Հասկանում ենք, որ մեկ լուսանկարը մի քանի հոգու կյանք է արժենում: Ներեցեք, բայց դժվա՞ր է հասկանալ, որ չի կարելի լուսանկարներ, տեսանյութեր հրապարակել: Այդ փոստը, որ անում եք, կոճակը, որ սեղմում եք, հավասարազոր է թշնամու կողմից արձակած կրակոցին»,- ասաց Հովհաննիսյանը: