ԱԼԻԵՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏՈՅՎՈ ԿԼԱԱՐԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պետական սահմանին տիրող լարվածության կապակցությամբ և նշել, որ այդ մասին Եվրամիության ղեկավարությունը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Իլհամ Ալիևը հերթական անգամ սահմանի իրավիճակի սրման համար մեղադրել է Հայաստանին:
ՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՆՀԱՊԱՂ ԴԱԴԱՐԵՑՎԵՆ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի ու Կովկասի դեպարտամենտի տնօրեն Մաթիաս Լութենբերգն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումներին:
«Խորապես անհանգստացած եմ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունների, ներառյալ՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդագրություններով: Մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն: Մենք աջակցում ենք Շառլ Միշելի ներկայացրած ապաէսկալացիայի առաջարկին»,- գրել է դիվանագետը:
ԱՄՆ-Ը ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԻ ԲԱՔՎԻՆ. ՀՈԼԵՆ
ԱՄՆ Սենատի անդամ Քրիս վան Հոլենը հայտարարել է, թե Վաշինգտոնը պետք է պատասխանատվության ենթարկի Բաքվին: «Ադրբեջանը, որը ընդունել է, որ ինքն է հարվածներ հասցրել, պետք է անհապաղ դադարեցնի այդ հարձակումները Հայաստանի վրա, իսկ ԱՄՆ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին։ Այս հակամարտությունը չի կարող լուծվել բռնությամբ»,- գրել է սենատորն իր թվիթերյան էջում:
ՀՀ-Ի ՎՐԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է. ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմ ՄաքՔլինթոքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ: «Հայաստանի վրա Ադրբեջանի վերջերս կատարած հարձակումն անընդունելի է։ Վճռականորեն դատապարտում եմ հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը»,- հայտարարել է կոնգրեսականը։
ԼՂ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԽԱՂԱՂ ԼՈՒԾՈՒՄ. ՇԵՐՄԱՆ
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը վրդովեցնող է որակել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, ներառյալ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանում 3 քաղաքի գնդակոծումը:
«ԱՄՆ-ը պետք է կիրառի Ազատության աջակցության ակտի 907-րդ հոդվածը և անհապաղ դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին: ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն պետք է նախաձեռնեն Հայաստանի սահմանի երկայնքով կրակոցների արձանագրման համակարգերի տեղադրում, որպեսզի արձանագրվեն և տեղայնացվեն մանր տրամաչափի զինատեսակների, ինչպես նաև հրետանու կրակոցները և հրադադարը խախտողները պատասխանատվության ենփարկվեն: Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է ունենա խաղաղ լուծում»,- իր թվիթերյան էջում գրել Շերմանը։
ԻԳՈՐ ԽՈՎԱԵՎԸ ՆՈՐԻՑ ԿԱՅՑԵԼԻ ԲԱՔՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ
ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան Իգոր Խովաևը սեպտեմբերին ևս մեկ անգամ կայցելի Բաքու և Երևան՝ շարունակելու խաղաղության պայմանագրի տեքստի մշակման աշխատանքը՝ «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։
«Խաղաղության պայմանագրի պատրաստման թեման կարևոր տեղ է զբաղեցնում հայ-ադրբեջանական կարգավորմանն աջակցելու մեր ջանքերում։ Ռուսական համապատասխան օգնության անհրաժեշտությունը հաստատել են թե՛ Բաքուն, թե՛ Երևանը։ Մեզ համար դա ինքնագովազդի հարց չէ, այլ հսկայական պատասխանատվություն»,- ասել է Գոնչարը։
Նա հիշեցրել է, որ այդ ջանքերին համակարգային և առարկայական բնույթ տալու համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հատուկ հանձնարարությունների դեսպան Խովաևին շնորհել է նաև Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերի հատուկ ներկայացուցչի գործառույթ։
«Խովաևը մշտապես այցելում է Բաքու և Երևան՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ խորհրդակցությունների, գործընկերների դիրքորոշումներում շփման կետերի որոնման համար, որպեսզի համաձայնեցնի համաձայնագրի նախագիծը»,- նշել է Գոնչարը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրադրության կայունացման ուղղությամբ։ «Երևանի և Բաքվի հետ սերտ շփումների մեջ ենք։ Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ նպաստելու իրադրության շուտափույթ կարգավորմանը»,- ընդգծել է պաշտոնյան։ Գոնչարը մեղադրել է Եվրամիությանը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու փորձերի համար: Նրա խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացը նախնական փուլում է, և Մոսկվան ցավում է, որ այդ գործընթացի ճանապարհին նման զարգացումներ են տեղի ունենում: