Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փաստահավաք առաքելություն իրականացնող խմբերը վերադարձել են Գեղարքունիքի մարզից: Խումբը հանդիպել է Նորաբակ, Կութ, Սոթք, Վարդենիս համայնքների բնակիչների ու ղեկավարների հետ: Փաստահավաք առաքելությունից որոշ մանրամասներ են հրապարակվել:
Բնակիչների հետ ունեցած առանձնազրույցներում ստացվել է տեղեկություն այն մասին, որ Սոթքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից ուղիղ կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիների տները, կից կառույցները, համայնքապետարանի շենքը։ Դրանք եղել են ադրբեջանական ուժերի կողմից ուղիղ կրակի թիրախ:
Տեղեկությունը ՄԻՊ փաստահավաք առաքելություն իրականացնող խմբին հաստատել են ինչպես համայնքից տարհանված՝ Վարդենիսում գտնվող բնակիչները, այնպես էլ՝ մյուս շրջանների վարչական ղեկավարները: Պաշտպանին ներկայացվել են այդ հանգամանքները հավաստող լուսանկարներ ու տեսանյութեր։
Անգամ փաստահավաք առաքելության ժամանակ շարունակվող հրետակոծության ու արկակոծության պայմաններում անձինք իրենց տներ վերադառնալու կամ այնտեղից գույքը, ընտանի կենդանիները տարհանելու հնարավորություն չեն ունեցել:
Վերին Շորժայում խմբին ներկայացրել են, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ, մեքենաներ են այրվել: Համայնքի բնակիչները փաստահավաք խմբին տեղեկացրել են, որ կրակահերթի հետևանքով ստիպված են եղել թողնել իրենց իրերը, փաստաթղթերը և զրկված են տուն վերադառնալու հնարավորությունից։
Պաշտպանի ներկայացուցիչները Գեղարքունիքում այցելել են նաև ադրբեջանական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 2 քաղաքացիական անձանց, որոնցից մեկը տարեց կին է։
Տեղեկատվությունն ու ապացույցները կուղարկվեն միջազգային գործընկերներին ու միջազգային իրավապաշտպան կառույցներին, որոնց ավելի վաղ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել էր ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց առնչվող փաստեր, Պաշտպանն առանձին քննարկում էր ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողի ու հանձնաժողովի քարտուղարության հետ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան