Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազդարարման համակարգի մասին» և մի շարք այլ օրենքներում առաջարկվող փոփոխությունները:
Փոփոխությունները պայմանավորված են ազդարարման համակարգի զարգացման և կատարելագործման, ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությամբ:
Օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է ազդարարման հետ կապված հարաբերությունները տարածել նաև մասնավոր ոլորտի կազմակերպությունների և համայնքային կազմակերպությունների վրա, նախատեսել կոռուպցիոն բնույթի հանցագործություն չհանդիսացող իրավիճակներում ազդարարում տալու, այդ թվում՝ անանուն ազդարարելու հնարավորությունը՝ միաժամանակ սահմանելով ազդարարման նման դեպքերը քննող իրավասու մարմին:
2019 թ. gլխավոր դատախազություն ստացվել է 188 ազդարարում, որոնք վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, դրանցից 153-ը եղել են անանուն: 2020 թ. ազդարարման համակարգի միջոցով ստացվել է 140 ազդարարում, որից 119-ը եղել են անանուն: 2021 թ. ստացված 75 ազդարարումից 68-ը վերաբերել են առերևույթ կոռուպցիոն բնույթի դեպքերին, 70-ը եղել են անանուն: 2022 թ. տվյալները դեռևս չեն ստացվել: