Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը: Հաշվի առնելով ստեղծված վիճակը և անվտանգության ապահովման խնդիրը՝ ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել երեք մարզերի այդ բնակավայրերի ուսումնական հաստատություններին տրամադրել արձակուրդ՝ ըստ անհրաժեշտության:
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
2022 թվականի սեպտեմբերի 13-ի կեսգիշերից Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ձեռնարկված ռազմական ագրեսիայի հետևանքով, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի մի շարք բնակավայրերում խաթարվել է ուսումնական հաստատությունների սովորողների կրթության իրավունքը: Նախարարությունը որոշում է կայացրել տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով:
Նախարարության որոշման համաձայն՝ հարավում, մի շարք բնակավայրերի ուսումնական հաստատություններ արդեն արձակուրդում են: Հետագայում, եթե որոշում կայացվի՝ անցնելու հեռավար ուսուցման, տնօրեններն ասում են՝ պատրաստ են:
Մերի Հակոբյան (Մեղրու թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն) - Պատրաստ ենք և՛ տեխնիկապես, և՛ մեր ուսուցիչները տիրապետում են գործիքակազմին, այնպես որ, սպասում ենք հետագա հրահանգներին:
Գեղարքունիքում՝ ոչ սահմանամերձ բնակավայրերում՝ Գավառում, Մարտունիում, Սևանում ուսումնական հաստատությունները շարունակում են բնականոն դասապրոցեսը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ սահմանային բնակավայրերի աշակերտներին արձակուրդ է տրվել:
Համբարձում Սաֆարյան (ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչություն կրթության բաժնի պետ) - Հայտարարվել է, որ օգտվեն առայժմ աշնանային արձակուրդի օրերից, մինչև իրավիճակի փոփոխությունը: Այդ իսկ պատճառով Վարդենիսի, Ճամբարակի տարածաշրջաններում դադարեցվել է ուսումնական պրոցեսը:
ԿԳՄՍ նախարարությունը տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկել է երեք մարզերի բնակավայրերում կրթության գործընթացը ժամանակավորապես դադարեցնել նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններում: