ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ մեդիատիրույթում և սոցիալական ցանցերում շրջանառվող մի հատվածին, որը խեղաթյուրվում և այլ կերպ է ներկայացվում:
ԱԺ նախագահը, դիմելով ժողովրդին, վստահեցրել է, որ որևէ փաստաթուղթ սեղանին դրված չկա, և այն մանիպուլյացիաները, շահարկումները, որ համացանցում արվում են, իրականության հետ որևէ կապ չունեն: Նրա խոսքով՝ որևէ փաստաթուղթ չկա, կան խաղաղության փաստաթղթի առաջարկներ, գաղափարներ, մտքեր, տարբերակներ:
«ՀՀ վարչապետի ելույթն այն մասին էր, որ ոչ ոք ոչինչ չի տալիս: 29.800 քառակուսի կմ ՀՀ ամբողջ տարածքն է: ՀՀ տարածքը մեզ համար կարմիր գիծ է, մենք ՀՀ տարածքի համար պետք է պայքարենք: Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ որևէ փաստաթուղթ չկա: Շատ կուզենանք որևէ փաստաթուղթ լինի, որով մենք, այո՛, ամրապնդելու ենք ՀՀ 29.800 քառակուսի կմ-ի խաղաղությունը, անվտանգությունը, և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք»,- ընդգծել է ԱԺ նախագահը: