ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե արդյոք ՊՆ-ն ի վիճակի՞ է ապահովելու մեր բանակի կարիքները:
«Այս փուլում, երբ հայտարարված չէ որևէ մոբիլիզացիա, մենք ոչ մի խնդիր չունենք ապահովելու մեր անձնակազմին: Խնդրում եմ ուղղակի ինքնագործունեությամբ չզբաղվել. եթե կա մեծ ցանկություն ինչ-որ բանով աջակցել, լինել բանակի կողքին՝ կապվել պատկան մարմինների հետ: Ես հանձնարարել եմ ՊՆ մամուլի խոսնակին հարթակ, հնարավորություն ստեղծել՝ մարդիկ կապվեն իր հետ և հնարավորության պարագայում իրենց բարոյական աջակցությունը հայտնեն: Եթե կարիք կլինի այլ հարցերով համագործակցել, մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ, բայց մեզ անհրաժեշտ հարցերի շուրջ միայն:
Շնորհակալ եմ աջակցության համար, շնորհակալ եմ պատրաստակամության համար, բայց այդ աջակցության նախաձեռնությունները հաճախ գցում են բանակի վարկը, և ես կխնդրեմ ձեռնպահ մնալ նմանատիպ ինքնագործունեությունից»,- ասաց Պապիկյանը՝ նշելով, որ այս պահի դրությամբ զրահաբաճկոնների, վրանների, սննդի, հագուստի կարիք մեր զինվորականները չունեն, բոլոր անհրաժեշտ պարագաները ձեռք է բերում ՊՆ-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՊՆ-ից, ադրբեջանական ռազմական ագրեսիայի ֆոնին հաճախակի են դարձել դեպքերը, երբ բազմաթիվ քաղաքացիներ և մասնավոր ընկերություններ, փորձելով օգտակար լինել մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին, սեփական նախաձեռնությամբ տարբեր դեղամիջոցներ և սնունդ են ձեռք բերում՝ այն զինվորական հոսպիտալներին փոխանցելու նպատակով։